Ավինյան. Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տիգրան Ավինյանը, մասնավորապես, ասել է.
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ:
Ըստ այդ որոշումների՝ տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ:
Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով:
Գիտեք, որ երկուշաբթի օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:
Երևի թե այսքանն եմ ուզում ասել, հարգելի՛ գործընկերներ: Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը: Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը:
Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»:
Նիստի մասնակիցները անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր»։
Հարակից հրապարակումներ`
- Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
- Պարետատուն. Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում
- Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
- ՈՒշադրություն՝ պարտադիր է վաղվանից
- Քաղաքացիներն առանց անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժման թերթիկի չեն կարող դուրս գալ տանից
- Պարետ. Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան