Քայլեր արվո՞ւմ են, որ Հայաստանում թվայնացվի ոռոգման ամբողջ համակարգը. Սիմոնյան
«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատմանն առցանց հետևելու անհրաժեշտություն կա»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով, դեռևս կարգավորված չէ, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեն այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեն աշխատանքները։
««ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ անելու մասին» օրենքի նախագիծը կտա հնարավորություն՝ վերահսկելու հիմնականում Արարատյան դաշտում իրականացվող հորատումները և հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք այդ աշխատանքներն օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց՝ որտեղի՞ց պետք է ձեռք բերվեն անհրաժեշտ սարքավորումները։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ շրջակա միջավայրի նախարարը նշեց՝ օրենքով կարգավորվում է, որ առցանց համակարգերի տեղադրումը պետք է իրականացվի այդ գործունեությունը ծավալող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցների հաշվին. «ՀՀ կառավարությունը կտա տեխնիկական չափորոշիչները, որոնք արդեն ամբողջովին մշակված են»։
Հակոբյանը խնդրեց նաև ներկայացնել թիրախային կետերը։
Էրիկ Գրիգորյանը արձագանքեց՝ նշելով, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերն օգտագործելու նպատակով հորատում իրականացնող յուրաքանչյուր հաստոցի վրա պետք է տեղադրվի առցանց դիտման համար նախատեսված տեխնիկական սարք.
«Յուրաքանչյուր հորատում իրականացնելուց հետո մենք տեղեկանալու ենք՝ ինչպես է այն իրականացվել»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ Հայաստանում կան ՏՏ կազմակերպություններ, որոնք գեներացնում են ոռոգման համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և ուղարկում են կենտրոնական համակարգին։
«Քայլեր արվո՞ւմ են, որ Հայաստանում թվայնացվի ոռոգման ամբողջ համակարգը»,- հարցրեց Սիմոնյանը։
Պատասխանելով հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ ջրային ռեսուրսների կառավարման կադաստր է ստեղծվել, որտեղ ներառված են ջրօգտագործման թույլտվություններն ու ջրահեռացման նորմերը։
«Որոշ տեղերում առցանց վերահսկամ համակարգեր են դրվել, օրինակ այսօր ձկնաբուծական ընկերություններում 19 առցանց վերահսկման համակարգ կա, և մենք կարողանում ենք տեսնել ջրառի քանակը, ինչպես նաև 2018-ից արդեն ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար սկսեկ ենք տեղադրել ջրօգտագործման հաշվիչներ, և այսօր 80-90% ՀԷԿ-երն ունեն այդ հաշվիչ կայանները։ Այսինքն՝ հնարավոր է տեսնել նաև ջրօգտագործումը»,- ներկայացրեց Գրիգորյանը։