Ի տարբերություն Ստալինի՝ մեր կառավարությունն առաջարկում է կամավոր սկզբունքով ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում կառավարությանը հարցրեց, թե ի՞նչ է արվում պարենային անվտանգությունն ապահովելու համար:
«Կառավարությունն ունի՞ ըստ մարզերի, թե գուղացին ինչ պետք է ցանի, քանի որ լեռնային գյուղի բնակիչն ասում է՝ ես իմ ընտանիքի հոգսը հոգում եմ, չեմ ցանկանում ձեր վարկից օգտվել: Բայց եթե մենք ցանկանում ենք պարենային անվտանգության խնդիր լուծենք՝ ի՞նչ մոտիվացնող ռեժիմներ ենք կիրառում: Մենք կարողանում ենք ընդամենը օգտագործել գյուղացիական տնտեսությունների ներուժի 50 տոկոսը: 360 գյուղացիական տնտեսությունների կեսի ռեսուրսը չենք կարողանում օգտագործել, այս ոլոտում կարո՞ղ ենք լուրջ տնտեսական արդյունքներ ապահովել»,- հարցրեց պատգամավորը։
Տեղեկացնելով, որ կառավարության վաղվա նիստում քննարկվելու է գյուղոլորտի մեծ փաթեթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք այստեղ ուզում ենք, ոչ թե պահպանողական խնդիր լուծել, այլ զարգացման: Կարծում ենք, որ գյուղատնտեսության մեջ պետք է կատարենք էական փոփոխություններ: Դրա համար գալիս ենք առկա իրավիճակից, զրոյացնում ենք գյուղատնտեսական բոլոր վարկերը և կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսության վարկեր այն ֆերմերներին ու անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, ասինքն՝ ուշացում չունեն, սև ցուցակներում չեն և այլն»:
Վարչապետը շեշտեց, որ սև ցուցակներում գտնվող մարդկանց համար էլ առաջարկներ ունեն: «Ասում ենք՝ ժողովուրդ ջան հավաքվեք, ստեղծեք գյուղատնտեսական կոոպերատիվներ: Կառավարությունը պատրաստվում է այդ կոոպերատիվների ղեկավարների համար դասընթացներ անցկացնել, ապահովել, որ միայն լիցենզավորված մարդիկ կարողանան գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներ լինել»,- նշեց վարչապետը և տեղեկացրեց. «Որպեսզի այդ ուղղությամբ վարկերը գնան, մենք պայմանավորվել ենք, որ բանկերի հետ պետության համաֆինանսավորումը հասնի մինչև 70 տոկոսի»:
Վարչապետը կանխատեսում է, որ այս տարի քաղաքացիները չեն կարող գնալ արտագնա աշխատանքի և այդ քաղաքացիներին կաջակցեն, որպեսզի նրանք գյուղատնտեսության ոլորտ ներգրավվեն:
Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ անտոկոս վարկերի մասին վարչապետի նախորդ հայտարարություններից հետո գյուղացիներին հորդորել է գնալ բանկեր, որտեղ ասել են, որ դեռ ծրագիր չեն ստացել:
«Մենք կարող ենք ուշանալ, ծառատունկը սկսվել է, մենք գյուղացուն ոռոգման ջուր չենք տալիս՝ ասում ենք ապրիլի 15-ից հետո կտանք»,- հայտարարեց պատգամավորը:
Վարչապետը հավաստիացրեց, որ երկու օր առաջ ոռոգման թեմայով խորհրդակցություն է հրավիրել և այսօր արդեն ջուրը տրվել է և երբ պետք լինի՝ կտան:
«Իմ քաղաքական գործոնեության ընթացքում ես հարյուրավոր գյուղեր եմ մտել և առանց բացառությամբ բոլոր տեղերում լսել եմ, թե ինչպիսի գյոզալ կոլխոզներ քանդեցին: Մենք ասում ենք, որ Ստալինը զենքի ուժով է այդ կոլխոզները ստեղծել, եթե դուք էլ այդպես նոստալգիայով եք հիշում, մենք ձեզ հնարավորություն ենք տալիս, գնացեք կամավոր վերստեղծեք, պետք չէ մեղադրել ոչ մեկին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հատնելով, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ոչ արդյունավետ ոլորտ է։
Նա նաև հավելեց. «Այսօր 11 դրամով ջուր ենք վաճառում, բայց այդ ջրի գինը եռակի, քառակի ավելի է: Գյուղացին ոչ նորմատիվային հողերի վրա ցանում է պոմիդոր, հետո առանց ջրաչափման ջրում է 5 անգամ և ստացվում է, որ պոմիդորի աճեցումը մեր երկրում սուբսիդավորում ենք: Կոպիտ ասած՝ 1 մլն դրամի ջուր ենք օգտագործում, որ գյուղացին 200 հազար դրամի պոմիդոր ստանա: Հարց՝ կարո՞ղ է ավելի ճիշտ կլինի այդ 200 հազար դրամը տալ գյուղացուն, ավելի հեշտ կպրծնենք»: