Երևանյան սուպերմարկետներում արձանագրվել են Պարետի սահմանած նորմերի կոպիտ խախտումներ. ԱԱՏՄ
Երևանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը :
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։
Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ
❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։
Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։
Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։