Արդյո՞ք նախատեսվում է ունենալ նավ, հետագայում նաև նավատորմ՝ գոնե տնտեսական գործունեություն ծավալելու համար. Տարոն Սիմոնյան
«Նավագնացության մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի դրոշի ներքով գտնվող նավերը կարող են ազատ նավարկել ԵԱՏՄ անդամ երկրների ներքին ջրային ուղիներով»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած «Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։
Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ երկրների ներքին ջրային ուղիներում նավարկության կարգը, դյուրացվում է ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներով նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների ներքին ջրային ուղիներ.
«Համաձայնագիրը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, առաջ չի բերում ֆինանսական կամ գույքային պարտավորություններ»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը 90-ականներից ի վեր որևէ նավ չունի. «Բացի այս նախագծից արդյո՞ք նախատեսվում է ունենալ նավ՝ հետագայում նաև նավատորմ՝ գոնե տնտեսական գործունեություն ծավալելու համար»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ համաձայնագիրը վերաբերում է ներպետական ջրերով փոխադրվող նավերին, և այդ ոլորտին չի վերաբերում։
«Մենք հիմա ռուսական կողմի հետ քննարկում ենք հնարավորությունը, և իրենք մի քանի լաստանավ կարող են տրամադրել, մենք քննարկում ենք այդ հարցը։ Քննարկելի է, և պետությունը կարող է նավ ձեռք բերել ներքին ջրերում լողալու համար»,- ասաց Արմեն Սիմոնյանը։
Օրենքի նախագծի հարակից զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ևս պատասխանեց Տարոն Սիմոնյանի հարցին՝ նշելով, որ Հայաստանի ծովային օրենսդրությունն ամբողջությամբ գրված է և այժմ գտնվում է փորձաքննական փուլում։
«Այս օրենսդրությունը հեղինակվել է իմ կողմից, և ինձ օգնել են Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերները։ Իսկ այս համաձայնագիրը կարևոր է, քանի որ ապագայում Հայաստանը կունենա հնարավորություն՝ իր դրոշով նավերը ԵԱՏՄ անդամ երկրների ներքին ջրերում դուրս բերելու համար։ Եվ դա բավականին պահանջված է, ու ոչ միայն հայկական բիզնեսի համար է դա լավ, այլ նաև օտարերկրյա քաղքացիների համար, ովքեր կնախընտրեն նավարկել հայկական դրոշի ներքո, պետտուրք կվճարեն Հայաստանին»,- ասաց Փամբուխչյանը։