Արցախի ԱՆ-ն հորդորում է բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:
Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում ժամանակավորապես սահմանել կարանտին, խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը, դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը, սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը, սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման, սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները, սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները, շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան