ԿԸՀ նախագահ. Հավատարմագրվել են ռեկորդային թվով դիտորդներ՝ Արցախի ընտրությունների դիտարկման առաքելությամբ
Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» թերթին, այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական էջում։
Հարց -Տիկին Արզումանյան, լուրեր են պտտվում, թե Արցախում ընտրություններն անցկացվելու են այսպես ասած փակ ռեժիմով, առանց լրատվամիջոցների, դիտորդների:
Պատասխան-Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում: Ինչպես նախորդ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր, այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ ընտրական գործընթացը լինի օրենքի պահանջներին համապատասխան, բաց, թափանցիկ: Դիտորդերի և լրատվամիջոցների մասնակցությունն էլ, հավատացնում եմ, բոլոր հիմքերն ունի նախորդ տարիների ռեկորդները գերազանցելու համար:
Հարց-Արդեն կարո՞ղ ենք մասնակցության հայտ ներկայացրած լրատվամիջոցների եւ դիտորդների մասին որոշակի տեղեկություններ հրապարակել:
Պատասխան-Սկսենք լրատվամիջոցներից: Այս պահին արդեն ունենք ԿԸՀ-ում հավատարմագրված 13 տեղական՝ արցախյան լրատվամիջոց՝ 74 ներկայացուցչով: Հայաստանյան լրատվամիջոցներից մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 21-ը, ընդհանուր առմամբ 114 ներկայացուցչով: Միջազգային լրատվամիջոցներից այս պահին հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցչով: Եթե ի մի բերենք, այս պահին արդեն ունենք հավատարմագրված 37 զանգվածային լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով: Ընդ որում, միջազգային լրատվամիջոցների հավատարմագրման ժամկետը դեռ ավարտված չէ:
Հարց-Իսկ ի՞նչ կասեք դիտորդների մասին:
Պատասխան -Կասեմ, որ աննախադեպ ակտիվություն է գրանցվել: Եվ դա թվերն են հիմնավորում: Միայն Արցախից 9 կազմակերպություն է հավատարմագրվել: Նրանց կողմից ներկայացված ցուցակներում ներառված դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 437: Ընդ որում, որոշ կազմակերպություններ ներկայացել են բավական մեծ թիմերով: Օրինակ՝ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ներկայացրել է 128 հոգանոց ցուցակ, «Իրավական կրթություն» ՀԿ-ն՝ 119, «Ապառաժ» երիտասարդական միությունը՝ 65 հոգանոց դիտորդական թիմ կունենա, «Հայկի Սերունդ» կազմակերպությունը՝ 46: Այսինքն, բավական մանրամասն և ծավալուն աշխատելու հնարավորություն կլինի:
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է հայաստանյան 6 կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդով: Այս դեպքում դիտորդական ամենամեծ խմբերն ունեն Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն՝ 324 հոգանոց ցուցակով, և «Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն՝ 97 դիտորդով:
Դիտորդական առաքելության հայտ ներկայացրած հայաստանյան մյուս կազմակերպությունները՝ «Ինքնություն և ազատ կամք», «Քաղաքացիական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն», Թալիշ սահմանամերձ բնակավայրեր, Հայաստանի հույների Պատրիդա կազմակերպություների դիտորդների թիվը տատանվում է 2-ից 37-ի միջակայքում:
Ընդհանուր առմամբ՝ այս պահին դիտորդական առաքելության համար միայն Արցախից և ՀՀ-ից հավատարմագրվել է 15 կազմակերպություն: Իսկ դիտորդների թիվը կազմում է 904: Սա ռեկորդային թիվ է, բայց լիովին տեղավորվում է Արցախի ընտրական գործընթացների տրամաբանության մեջ: 1991թ. Անկախության հանրաքվեին 41 դիտորդ է հետեւել, 2017թ. Սահմանադրական հանրաքվեին՝ 104 միջազգային եւ 103 տեղական դիտորդ և լրատվամիջոցների 80-ից ավելի ներկայացուցիչ: Իսկ 2019թ. ՏԻՄ ընտրություններին 324 դիտորդ ենք ունեցել: Այսինքն, աճի տրամաբանությունը պահպանվում է:
Հարց-Ի՞նչ կարող ենք ասել միջազգային դիտորդների ներգրավվածության մասին:
Պատասխան --Ինչպես միշտ, Արցախի իշխանությունները դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ ուղարկել են մի շարք կազմակերպությունների, նաև՝ միջազգային մի շարք լրատվամիջոցների: Այս պահին կարող եմ միայն ասել, որ ունենք 140 դիտորդի և մոտ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական համաձայնությունը՝ 38 երկրից: Թե նրանցից քանիսը կկարողանան մարտի 31-ի ընտրություններին ներկա գտնվել՝ այս պահին դժվար է ասել:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ տարածումը իրավիճակը ժամ առ ժամ է փոխում: Իսկ մարդկանց տեղաշարժի սահմանափակումը շատ երկրներում շարունակում է դիտարկվել այդ վիրուսի տարածումը կանխարգելելու ամենատարածված միջոցը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի արագ թեստեր կհանձնեն
- Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան