«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն Վստրեչի Ապերի տանը ոստիկանների գործողությունների մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Բանն այն է, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական և ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի պաշտպանների դիմումի մասով եղել է քննարկում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քննարկումը: Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաև ստուգմամբ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու և քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»:
Հավելենք, որ մարտի 5-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել էին Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տների վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: