ԲԸՏՄ-ն հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց: Այս մասին տեղեկանում ենք տեսչության տարածած հաղորդագրությունից:
«Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով Կամազ մակնիշի ինքնաթափ բեռնատար։
Կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով և արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց»,-նշված է հաղորդագրությունում: