Պետությունը, օգնելով տնտեսվարողներին, ոչ թե մեծահոգություն է ցուցաբերում, այլ օգնում է ինքն իրեն. Թունյան
«Կան որոշ ոլորտներ, որտեղ արդեն իսկ նկատվում է անկում։ Առաջնային դիրքում զբոսաշրջային, հյուրանոցային, տրանսպորտի և մանրածախ առևտրի ոլորտներն են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով, տնտեսության վերոնշյալ ճյուղերի անկումները օբյեկտիվ հանգամանքներով են պայմանավորված՝ մի կոմից չվերթներն են հետաձգվել, մյուս կողմից էլ պարետատան որոշումներով ու մարդկանց վարքագծով պայմանավորված՝ ռեստորանների և այլ օբյեկտների շրջանառությունը կտրուկ անկում է ապրել։
Հարցին՝ պե՞տք է մասնավոր ընկերություններն իրենց աշխատակիցներին գումար տրամադրեն, երբ մարդիկ հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում, թե՞ այդ ամենը պետք է պետությունը հոգա, Թունյանը պատասխանեց՝ պետությունը, եթե սահամափակել է որոշ ոլորտների գործունեությունը, ապա բնականաբար չի կարող հենց այնպես ձեռքերը ծալել և ընկերություններին ասել՝ գնացեք տուն, փակվեք և ամեն ինչ վերցրեք ձեր վրա։
«Դրա համար էլ մշակվում են միջոցառումներ. ամենատարբեր միջոցներով պետությունը աջակցում է տնտեսվարողներին և այդ օգնությունը լինում է թիրախային, այիսնքն՝ որ ոլորտներում տնտեսվարողներն ավելի շատ են տուժել, այդ ոլորտների նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է»,- ասաց Թունյանը։
Դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր՝ ինչո՞ւ պետք է ինքը վճարի աշխատողներին, եթե պետությունն է նրանց հարկադրված պարապուրդի մատնել, Թունյանն արձագանքեց՝ պարոն Ծառուկյանն իրավունք ունի ցանկացած հայտարարություն անելու, իսկ պետությունը իր պարտավորություններն ու պարտականությունները հստակ գիտակցում է.
«Եթե մենք այսօր սխալ որոշում ընդունենք, ապա բնականաբար, արդյունքը հենց մեզ վրա է ազդելու։ Տարբեր սկզբունքներից ելնելով՝ այդ բեռը պետությունը չի թողնելու տնտեսվարողների վրա։ Այստեղ պարզ մեխանիզմ կա. պետությունը, օգնելով տնտեսվարողներին, ոչ թե մեծահոգություն է ցուցաբերում, այլ օգնում է ինքն իրեն։ Եթե էդ բիզնեսին այսօր չօգնեն ու թողնեն մենակ՝ իր խնդիրների հետ, կամ գործազուրկ դարձած աշխատողին աջակցություն ցույց չտրվի, հետո հա՛մ էդ բիզնեսը՝ սնանկանալով հարկ չի մուծելու, հա՛մ էլ էդ աշխատողը պետության վրա բեռ է դառնալու։ Այս դեպքում սա գործարք է պետական մարմինների և հասարակության միջև»,- մեկնաբանեց Թունյանը։
Ըստ նրա, պետությունը նախ պետք է հասկանա, թե որ տնտեսվարողներն ունեն օգնության կարիք, ով է տուժել, և ըստ այդմ հասցեական օգնություն ցուցաբերի։ Թունյանի խոսքով, կան ընկերություններ, որոնք չեն տուժել, կամ ստվերում են աշխատել։ Նաև կան ընկերություններ, որոնք խոսում են աշխատողների մասին, բայց վերջիններիս չեն գրանցել.
«Հիմա բոլոր քաղաքացիները, անգամ չգրանցված աշխատողները, մեր քաղաքացիներն են, և նրանց մասին պետք է հոգ տանել։ Բայց հիմա պետության համար խնդիր է՝ բացահայտել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եթե մարդն աշխատել է ինչ-որ ընկերությունում, բայց գրանցված չի եղել, նա առաջ էլ էր գործազուրկ համարվել, հիմա էլ։ Ո՞նց հասկանանք՝ մարդը ճգնաժամից հետո՞ գործազուրկ դարձավ։ Եթե մենք ունենայինք հստակ տվյալների բազա՝ իմանայինք՝ ով է աշխատում, ով՝ ոչ, ապա մեր գործն ավելի հեշտ կլիներ»։
Թունյանը շեշտեց, որ զրո տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկը լինելու է հասարակությանն օգնելու մեխանիզմներից մեկը։ Նրա խոսքով, լինելու են նաև ուղիղ օժանդակության ձևեր, գումարի անհատույց տրամադրում։
«Ինչ վերաբերում է վարկերին. եթե բիզնեսը գնտնում է, որ իրեն օգնություն է պետք, որպեսզի էս վիճակը հաղթահարի, և վաղն իր բնականոն գործունեությունը շարունակի, նա մեծ հաճույքով այդ վարկը կվերցնի։ Արդեն մեծ թվով տնտեսվարողներ կան, որ ամեն օր հետաքրքրվում են՝ երբ է լինելու վերջնական որոշումը, որ իրենք կարողանան այդ վարկից օգտվել։
Հիմա ինչն է ընկերությունների խնդիրը, իրենք ունեն փողի ժամանակավոր պակաս։ Այս պահին այդ ընկերությունները չունեն ազատ միջոցներ, և պետությունն ասում է՝ կտրամադրի այդ գումարը։ Դա ոչ թե դասական, այլ արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկ է։ Կան ՓՄՁ-ին օգնելու միջոցներ, որոնցով պետությունն օժանդակում է, և վարկառուն առաջին տարվա ընթացքում վճարումներ չի անում»,- ասաց Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Վարկային համակարգում պետք է լինի ներում
- Պետությունը պետք է աջակցի փակված ընկերությունների աշխատակիցներին. Մարուքյան
- Ծառուկյան. Բայց խի՞ պետք է վճարեմ