«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերը հանդես են եկել հայտարարությամբ
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի հ հայտարարությունը։
Ըստ այդմ.
««Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։
Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»։