Հարկային կարգապահության կարևորության խնդիրը Կառավարությունում
«Չի կարելի թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում տխրահռչակ սովորությունները ակտիվանան»,- դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ առևտրի աճին զուգահեռ ազդակներ է ստանում՝ լայնորեն սկսել են կիրառվել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պրակտիկան:
Նրա խոսքով՝ հիմա ընդհակառակը, ճգնաժամային իրավիճակ է և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել տվյալ խնդրին։
«Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, որովհետև հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, շատ խանութներ չեն աշխատում ու այս պրոցեսի հասցեատերերը շատ ավելի քիչ են: ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտպելու յուրաքանչյուր դեպքի համար, որովհետև ոչ մի արդարացում չկա դրան, մանավանդ այսօր, որ խանութների շրջանառությունները էականորեն աճել են: Պետք է տեղորոշել անբարեխիղճ տնտեսվարողներին և նրանցով պետք է շատ լուրջ զբաղվել»,- ասաց նա։
Դավիթ Անանյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ը ամբողջ ծավալով իրականացնում է իր և պարետի սահմանած գործառույթները և շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուղերձի համար, որովհետև Ձեր ուղերձը նաև հարկային վարչարարության տեսանկյունից թե´ հարկ վճարողների վարքագծի, թե´ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա և նոր զգացողություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բյուջեի կատարողականին, հայտարարեց. «Բյուջեի մասով մենք, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր ունենք․ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս առումով ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Դրանք պետք է ապահովվեն հարկային համակարգի միջոցով: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,- նշեց Փաշինյանը: