Կրկին գյուղատնտեսական վարկերի գովազդ՝ պաշտոնական մակարդակով
«Փորձել ենք գյուղատնտեսության ոլորտի աջակցության գործընթացում ներառել ամբողջական շղթա՝ սկսած փոքր ֆերմերներից, մինչև վերամշակողներ և արտահանողներ: Այն բոլոր գործիքները, որոնք ներկայացրել ենք, դրանք գործող ծրագրեր են: Այդ ծրագրերի համար սուբսիդավորումը 100 տոկոս է»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները:
Փոխնախարարը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում առանձնացվել են այն ճյուղերը, որոնք շահութաբեր են ու արդյունավետ՝ ինտենսիվ այգիները, ջերմոցաշինությունը և խելացի անասնապահությունը:
«Ինտենսիվ այգիների ծրագիրը թույլ է տալիս 0,5-100 հեկտարի վրա այգեհիմնման աշխատանքներ տանել: Կտրամադրվի մինչև 2.5 մլրդ դրամ վարկ, 5 տարի արտոնյալ ժամկետով և 0 տոկոս տոկոսադրույքով: Ինտենսիվ այգիները 2-րդ տարում բերքի են տալիս, իսկ 3-րդ տարուց եկամուտներ բերում: Այստեղ առաջին տարում պետությունը վերցնում է բոլոր ծախսերը»,- նշեց փոխնախարարը և հավելեց, որ հաշվարկներով նման այգեհիմնման աշխատանքներն իրենց հետգնելիությունը ապահովում են 3 տարում:
Այգիներում արդի ոռոգման համակարգ ապահովելու համար կտրվի 150 մլն դրամի անտոկոս վարկեր՝ 3 տարի ժկետով: Վարկեր կտրվեն նաև հակակարկտային ցանցերի համար, իսկ եթե գյուղացին չուզի, ապա կարող է ապահովագրել բերքը:
Վերամշակողներին առաջարկվում է 1.8 մլրդ դրամ անտոկոս վարկ 1.5 տարվա արտոնյալ ժամկետով:
«Լիզինգային վարկերի համար նախատեսվում է մինչև 450 մլն դրամ, 8 տարի ժամկետով և 6 ամիս արտոնյալ ժամկետով»,- հայտնեց փոխնախարարը և նկատեց, որ լիզինգի դեպքում գյուղացու անձնական ռիսկը վերածվում է բիզնես ռիսկի, քանի որ գրավադրվում է այն տեխնիկան, որը նա վերցնում է:
Ըստ նրա, լիզինգային վարկավորման մեջ ներառվելու են նաև ջերմոցները, սառնարանները և պահեստային տնտեսությունները:
Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ հավելեց, որ եթե նախկինում տոհմային անասունների ձեռքբերման համար վարկավորումը 2 տոկոս էր, ապա հիմա այն դարձել է 0 տոկոս։ Մասնավորապես, նախատեսվում է տրամադրել 300 մլն դրամ՝ 5 տարի ժամկետով:
«Անցած տարի տավարաբուծության ծրագրին հատկացվել է 460 մլն դրամի վարկ և ձեռք է բերվել 315 գլուխ տոհմային երինջ: Տոհմային ոչխարների ներկրման համար հատկացվել է 70 մլն դրամ, որով ներկրվել է 216 մանր եղջերավոր անասուն: Այս ծրագրով նույնպես 0 տոկոս տոկոսադրուքով կտրամադրվի 900 մլն դրամի վարկ»,- նշեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին