Մարտի 13-25-ը գործազուրկ դարձածներին նպաստ՝ պայմաններով
«Առաջարկում ենք երեխա ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրել»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով, աջակցության շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և ընտանիքի երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողենրից մեկը նշված ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, իսկ մյուսը մահացած է, կամ համարվում է անհայտ կորած։ Աջակցությունից կարող են օգտվել նաև ընտանիքները, եթե անչափահաս երեխայի միայնակ մայրը, կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։
«Աջակցությունը միանվագ է տրամադրվելու, և դրամական աջակցության չափը լինելու է կա՛մ նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր երեխայի համար առանձին, կա՛մ 100 հազար դրամի չափով»,- ասաց Բաթոյանը։
Վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ ևս մեկ պայման կա, աշխատանքից զրկված ծնողի վերջին երեք ամիսներին ստացած աշխատավարձը պետք է 500 հազար դրամից ավելի չլինի։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ խոսվում էր մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին միանվագ նպաստ տրամադրելու մասին. «Հիմա է՞լ է պահպանվում այդ շեմը»։
Պատասխանելով ՊԵԿ նախագահի հարցին՝ Բաթոյանն ասաց, որ այս նախագծով առաջարկվում է բոլոր անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել նպաստ, եթե նրանք համապատասխանում են վերոնշյալ պայմաններին։
ՊԵԿ նախագահն էլ նկատեց, որ իրենք լրիվ այլ ուղղությամբ են աշխատել, քանի որ տեղյակ չեն եղել, որ մինչև 14 տարեկանի շեմը հաստատված չէ նախագծում։
«Մենք այլ վիճակագրության վրա ենք աշխատում։ Իսկ արդարադատության ՔԿԱԳ-ը 2014 թվականից հետո է թվայնացվել, դրանից առաջ ընկած վիճակագրությունը կունենանք միայն մի քանի օր հետո»,- տեղեկացրեց Անանյանը։
Փաշինյանն էլ ասաց, որ պետք է նաև մտածել՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների՞ն պետք է տրամադրվի նպաստ, թե՞` մինչև 16. «17, 18 տարեկանը մի քիչ այլ կատեգորիա է»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արձագանքելով վարչապետին, նշեց, որ պետք է կատեգորիաներով աշխատել։
«Առաջարկում եմ հիմա ֆիքսենք՝ մարտի 13-25-ը գործազուրկ դարձած և մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին 100 հազար դրամ նպաստ կտրամադրվի։ Վաղը կընդլայնենք ցանկը»,- ասաց Գրիգորյանը։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված բոլոր քաղաքացիների տվյալները կան, իսկ թե նրանցից քանիսը մինչև 14 տարեկան երեխա ունի, օրվա ընթացքում պարզ կլինի։
Փաշինյանն էլ հանձնարարեց՝ օր ու գիշեր ջանք թափել, որպեսզի չորեքշաբթի օրվանից (01.04.2020թ.) ծրագիրն աշխատի։