ՄԻՊ-ում ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը
ՄԻՊ աշխատակազմում դեռ ուսումնասիրում են՝ երեք օր առաջ իրենց ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը։
«Դիմումն ուսումնասիրման փուլում է։ Այս պահին ավել ինֆորմացիա չեմ կարող փոխանցել»,-Panorama.am-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։
ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։
ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Մարտի 24-ին պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին՝ Վարդևանյանի՝ խորհուրդին ուղղված դիմումը վերահասցեագրվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։
«Նշված հարցի լուծումը գտնվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավասության տիրույթում:»,-ասացին ԲԴԽ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Աննա Դանիբեկյանը վիրահատվել է, և հայտնի չէ, թե երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին
- Դատարանի նախագահը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
- Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա