Ամբողջովին կդադարեցվեն ներմարզային ուղևորափոխադրումները
«Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում պարետի կողմից սահմանափակումներ են մտցվել որոշ ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներում»,- ասաց Տարածքային կառավարման զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ ներկայում գործում է ներմարզային ուղևորափոխադրում Շիրակում, Սույունիքում, Կոտայքում և Լոռիում, ներահամայնքային՝ Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, մնացած մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները չեն գործում։
«Այսօր պարետի որոշմամբ նախատեսվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները, որոնք իրականացվում էին 5 մարզերում»,- ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ ավիացիայի ոլորտում կայուն գործում են 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ և «Բելավիան» առաջիկայում կիրականացնի մեկ չվերթ Մինսկ-Երևան ուղղությամբ:
«Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6 հազար ուղևոր, ապա այսօր այն կազմում է 800 ուղևոր»,- նշեց փոխնախարարը։
Լրագրողների դիտարկմանը, թե մարզերում բնակվողների համար միջմարզային տրանսպորտը չի գործում և մարդիկ տաքսիներով են հասնում սննդի ոլորտում աշխատանքի, Արմեն Սիմոնյանը պատասխանեց. «Սահմանափակումները վիրուսի տարածման կանխարգելման համար են: Դրա համար էլ դադարեցվել են միջմարզային երթևեկությունը: Իսկ բողոք չենք ստացել, որ սննդի արտադրամասերի աշխատակիցները խնդիր ունենան տեղաշարժի հետ կապված, եթե լինի՝ կքննարկվեն և լուծումներ կտրվեն»։
Փոխնախարարը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտնեց, որ չունի տեղեկություն բեռնափոխադրումների տոտալ սահմանափակումների մասին: