Վերլուծաբան. Արցախի դեպքում միայն կորոնավիրուսի վտանգը չէ
«Օր առաջ պետք է հետաձգել Արցախի նախագահական ընտրությունները»,- լրագողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը։
Նա նշեց, որ Արցախի դեպքում միայն կորոնավիրուսի վտանգը չէ, փաստացի պատերազմի մեջ գտնվող պետություն է, հետևաբար՝ Արցախում շատ ավելի լուրջ պետք է վերաբերել նման խնդիրներին։
«Պետք է հետաձգել Արցախում մարտի 31-ին նշանակված ընտրությունները։ Բակո Սահակյանը երկար տարիներ Արցախը շատ նորմալ կառավարել է, մի քանի ամիս կամ տարի էլ կարող է կառավարել»,- նշեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, Արցախում ով էլ ընտրվի նախագահ, ընտրությունները պետք է լինեն արդար և ժողովրդավարական, որովհետև Արցախի բրենդը, որը ներկայացնում են աշխարհին, դա ժողովրդավարական պետության բրենդն է, ինչը տարիների շարունակ հակադրում են Ադրբեջանին։
Նրա կարծիքով, արցախցին պետք է նախագահ ընտրի թեկնածուներից Վիտալի Բալասանյանին, որը խրամատից, զինվորից դարձել է գեներալ հենց արցախցիների աչքի առաջ, այս ընթացքում չի թալանել, պետական պաշտոնները չի օգտագործել սեփական բարեկեցության համար, շարունակում է ապրել արցախցիների մեջ բավականին համեստ կյանքով։
«Պատերազմական իրավիճակի մեջ գտնվող պետության քաղաքացին պետք է ենթագիտակցորեն գնա ու ընտրի գեներալին։ Նա լավ է հասկանում պատերազմից, զինված ուժերից։ Նույն տրամաբանության մեջ էլ Արայիկ Հարությունյանը հասկանում է տնտեսությունից, տարիներ շարունակ զարգացրել է Արցախի տնտեսությունը։ Վիտալի Բալասանյանին պետք է ընտրել նախագահ, Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետ, մեկը զբաղվի երկրի անվտանգությամբ, մյուսը՝ տնտեսությամբ»,- ասաց Մ.Հարությունյանը։
Քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ արցախցիները մի մարդու նման ձայնը պետք է տան Վիտալի Բալասանյանին, որը 2016 թ. ապրիլի 2-ին, հենց այդ պահին լինելով ընդդիմության մեջ, գիշերով գնացել ու մտել է խրամատ, կանգնել ժողովրդին կողքին։
Նրա խոսքով, այսօր Վիտալի Բալասանյանն ունի 42 տոկոս, որը աճելու է, իսկ Հայաստանի իշխանություները չեն ուզում հետաձգել առաջիկա ընտրությունները. «Կարելի է մտածել, որ ցանկանում են այս վիճակը, երբ փողոցում մարդ չկա, օգտագործեն ու մի քիչ թիվ գրեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ կընտրեր Վազգեն Մանուկյանը, եթե լիներ Արցախի քաղաքացի
- Քաղաքական հոգեբան. Արցախում արտակարգ դրություն չմտցնելով՝ այնտեղ էլ ենք ունենալու խնդիրներ
- Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը.Դավիթ Շահնազարյան