Փաշինյան. Հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:
Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Կրկին գյուղատնտեսական վարկերի գովազդ՝ պաշտոնական մակարդակով
- Շահառուները չորեքշաբթի օրվանից պետք է ստանան վարկային աջակցության միջոցները
- Կառավարությունը գյուղոլորտի ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու
- Պետությունը պետք է աջակցի փակված ընկերությունների աշխատակիցներին. Մարուքյան
- Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ
- Փոքր և միջին ձեռնարկատերերին 25 մլրդ դրամի հասցեական աջակցություն ցուցաբերելու որոշումը պատրաստ կլինի 1-2 օրից