Կրկին «բարձրագույն» գովազդ. «Հայաստանում կա 4000 ՓՄՁ և բոլորն էլ կարող են դիմել վարկ ստանալու համար»
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը տեղեկացրեց, որ «Ռադիոլոգիայի գիտահետազոտական կենտրոնը» այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ կոմունալները չվճարելու պատճառով զրկվել են էներգիայից, բայց դիմել են վարչապետին և պարետին՝ խնդրելով մինչև մարտի 31-ը ժամկետ տրվի այն վճարելու համար:
Հարցի հեղինակը հավաստիացրեց, որ դիմումը դեռ չի ընդունվել, բայց կենտրոնում կան հիվանդներ և թանկ սարքավորումներ ու հարցրեց, թե խնդիրն ինչե՞ս է կարգավորվելու:
«Տեսեք, այն արգելված գործունեության տեսակ չի եղել և պետք է ընկերությունը ժամանակին կատարեր պարտավորությունը: Համոզված եմ, որ խնդիրը շատ արագ կկարգավորվի և կլուծվի: Չեմ կարող ասել թե ինչու մինչև հիմա չեն վճարել և ինչու են հիմա ժամանակ խնդրում մինչև ամսի 31-ը», -հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Մեկ այլ լրագրող էլ հարցրեց, թե «Ռեստորանների հայկական միությունը» իրենց նվազագույն կենսունակությունն ապահովելու համար առաջարկներ էին ներկայացրել կառավարությանը, ի՞նչ փուլում են դրանք:
Տեղեկացնելով, որ ներկայացված պահանջների հիմնական մասը ծածկված է կառավարություն ներկայացրած 5 ծրագրով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասաց. «Երևի թե դուրս է մնացել հարկային արձակուրդների պահանջը, քանի որ բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ հարկային արձակուրդներ տալու հարցն օրակարգում չէ: Բայց եթե ընթացքում պարզվի, որ էլի որոշ հարցեր դուրս են մնացել, ապա մենք պատրաստ ենք, ճկուն ենք: Ծրագրերը կարճ ժամանակում են մշակվել և գործարկելիս անհրաժեշտության դեպքում նրանցում շտկումները կարվեն»
Նա հայտարատեց, որ Հայաստանում կա 4000 ՓՄՁ և բոլորն էլ կարող են դիմել վարկ ստանալու համար:
«Կարող են մերժվել միայն վատ վարկային պատմություն ունեցողները»,- հավաստիացրեց Նաիրա Մարգարյանը: