Ազնաուրյան. «Իշխանությունը թեթևամտորեն վերաբերվեց այս վտանգին, թե գուցե այն կանցնի, մեզ չի կպչի»
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում չէր կարելի պետականորեն այսքան անտարբեր լինել, պետք էր առանձնապես ուշադիր լինել նման վիրուսների դեմ պայքարում. Չինաստանի պես երկիրն անգամ այդքան լուրջ մոտեցավ այս հարցին, մենք առավել ևս պետք է նախապես պատրաստվեինք: Թերթ.ամ-ի հաղորդմամբ՝ «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀԽՍՀ առողջապահության վերջին նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:
«Կանխարգելման հարցում մենք ուշացանք, թեև հիմա էլ ուշ չէ, պետք է գործը պրոֆեսիոնալներին վստահել: Ժամանակին Հայաստանում կար համաճարակաբանության ինստիտուտ, որում աշխատող բարձր որակի մասնագետների շնորհիվ մեր երկրում վերացվեց, օրինակ, մալարիա հիվանդությունը: Այսօր այդ ինստիտուտը չկա, եթե այն լիներ իր մասնագետներով, մեծ դեր կխաղար»,- ասել է բժիշկը:
Ըստ Ազնաուրյանի՝ մեր առողջապահական ռեսուրսները սակավ են, մեկ ինֆեկցիոն հիվանդանոցը Երևանում, այն էլ վատ շենքային պայմաններով, բավարար չէ այս ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար. «Ինֆեկցիոն հիվանդությունները մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Ո՞վ կսպասեր, որ աշխարհում համավարակ կհայտարարվի: Առողջապահության նախարարության համապատասխան բաժանմունքները պետք է գրագետ գործեն: Հիմա պետք է ամեն գնով կանխել տարածումը, փակել օդային սահմանը նույնիսկ Ռուսաստանի հետ: Մեր շարքային բուժաշխատողներն այսօր մեծ աշխատանք են կատարում, նրանց սիրտն իսկապես ցավում է հիվանդների համար»:
Բժշկի կարծիքով՝ իշխանությունը պետք է հոգեբանորեն ժողովրդի կողքին լինի, ոչ թե հրամայի, այլ բացատրի, հանգստացնի, հասնի բոլորին. «Իշխանությունը թեթևամտորեն վերաբերվեց այս վտանգին, թե գուցե այն կանցնի, մեզ չի կպչի: Դա սխալ մոտեցում էր: Կաբինետում նստած պաշտոնյաները չեն կարող որոշել՝ հիվանդության բռնկում կլինի՞, թե՞ ոչ: Կազմակերպչական և կարգապահության հարցերը պետք է մղվեն առաջին պլան, ինչպես Չինաստանում: Բայց մեր կառավարությունը հանգիստ սպասում էր, մտածում էր՝ մեզ ոչինչ չի սպառնում»:
Արտաշես Ազնաուրյանի պնդմամբ՝ կարևորը խուճապի չմատնվելն է, առողջապահական բոլոր հիմնարկները պետք է մոբիլիզացվեն, բուժական համակազմը գործի ամբողջ ինտենսիվությամբ. «Պետք է ամեն ինչ արվի՝ համաճարակը կանխելու համար: Առաջիկա մի քանի շաբաթում մենք չենք հաղթահարի ճգնաժամը: Այս վիրուսը ծանոթ չէր մարդկությանը, պատվաստանյութ չկա, ոչ մի դեղորայք այն չի բուժում, և չէր կարելի այսքան թեթևամտորեն մոտենալ այդ հարցին: Պետք է գիշեր ու ցերեկ բոլոր բժշկական հաստատություններն աշխատեն, ինչպես պատերազմի ժամանակ: Պետք է առանձնահատուկ զարգացնել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարն առհասարակ»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանը հաստատեց՝ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա
- Նախարար. Վաղ է ասել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կունենա պտղի վրա
- RTL. Կորոնավիրուսով վարակված հայամետ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն բուժվում է քլորոքին դեղամիջոցով
- Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող
- Արսեն Թորոսյան. Չենք կարող թույլ տալ՝ որևէ բուժհաստատություն փակվի
- Որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին
- Նունե Ներսիսյան. Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար