Անընդունելի էր, որ տարբեր գործունեություն իրականացնող բուժհաստատությունները միավորվեին. համաճարակաբան
«Հասարակությունն ամբողջությամբ կարող է ներգրավվել այս համաճարակի մեջ, և դա սպասելի է, քանի որ հասարակության ոչ մի մաս չի կարող լիովին մեկուսացված դիտարկվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ խոսելով կորոնավիրուսի տարածման և ՁԻԱՀ-ի վարակակիրներին սպառնացող վտանգների մասին։
ՁԻԱՀ-ի կենտրոնը կառավարության որոշմամբ փակվել է, իսկ հիվանդները բուժվում են «Նորքի» ինֆեկցիոնում, որտեղ իրականացվում է նաև կորոնավիրուսով հիվանդների բուժումը։
Համաճարակաբանը նշեց՝ կորոնավիրուսը վարակ է, որը տարբերվում է սովորական գրիպից նրանով, որ մարդկությունը դեռևս դրա հետ շփման փորձ չունի, և մարդկանց օրգանիզմը չունի հակազդման մեխանիզմներ։ Ըստ նրա, իրավիճակի և հիվանդության առանձնահատկությունների մասին պատկերացում հնարավոր կլինի կազմել համաճարակից հետո։
«Հիմա պարզ է, որ կորոնավիրուսից մահացությունն, ամեն դեպքում, ավելի բարձր է, քան սովորական գրիպի պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյո՞ք շոգն ու տաք եղանակը սպանում են վիրուսին, Հովհաննիսյանը պատասխանեց՝ սա այն հարցերի մեկն է, որի պատասխանը մենք կարող ենք ունենալ միայն համաճարակից հետո.
«Որ եղանակը վիրուսի վրա կազդի, կարծում եմ՝ միանշանակ է, բայց որքանով կազդի՝ այլ հարց է»։
Թեև մարտի տասնվեցից Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, այնուամենայնիվ, համաճարակաբանը կարծում է՝ քայլն ուշացած էր։
Ըստ նրա, միայն արտակարգ դրությունն ինքնին քիչ է, եթե մնացյալ քայլերը հստակ չնշվեն և իշխանությունը ցույց չտա՝ ինչ պետք է մտնի այդ արտակարգ դրության ռեժիմի մեջ։
Հարցին արդյո՞ք ներկայումս բավարար է առողջապահության նախարարության աշխատանքը, համաճարակաբանը նշեց՝ հնչած հայտարարությունները մտագոհության առիթ տվել են. «Էն, որ ոչ այնքան լիարժեք պատկերացում կա, թե նմանատիպ վարակների դեպքում ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, թե որքան արագ այդ ամենը կարող է տարածվել, մտահոգիչ է։ Կարելի է ասել կայծակնային արագությամբ ամբողջ աշխարհը ներգրավվեց համաճարակի մեջ»։
Դիտարկմանը, որ «Նորքի» ինֆեկցիոնում, կորոնավիրուսով հիվանդների հետ կողք կողքի բուժում են ստանում նաև ՁԻԱՀ-ով հիվանդները, արդյո՞ք դա վտանգավոր չէ, Հովհաննիսյանն արձագանքեց՝ իրականում ՄԻԱՎ-ով պացիենտների ընդամենը երկու և կես տոկոսը կարիք ունի տարվա ընթացքում «Նորք» ինֆեկցիոնում ստացիոնար բուժում ստանալու։
«Մեր գործունեությունն ուղղված էր կանխարգելմանը, այսինքն՝ մենք ամեն ինչ անում էինք, որ ՄԻԱՎ-ով ապրողները չհասնեին ստացիոնար բուժօգնության կարիք ունենալուն։ Մեզ համար անընդունելի էր, որ տարբեր գործունեություն իրականացնող բուժհաստատությունները միավորվեին։ Դա ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև երկու բաժինների գործունեությունն էլ այդ տարբերակով կարող է թուլանալ։ Եվ ինչպես տեսանք այս երկու շաբաթում, այո, փաստորեն ստացիոնար բուժօգնություն տրամադրող բուժհաստատությունն իր ողջ հզորությունը կենտրոնացրել է մեկ վարակի վրա։ Մեր հիմնական մտահոգությունն այն էր, թե ինչ հաջորդականությամբ պետք է քայլեր արվեն։ Նման փոփոխությունների գնալը անընդունելի էր, հատկապես, որ մենք ՄԻԱՎ-ի ոլորտը լավ մակարդակի վրա էինք դրել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ՁԻԱՀ-ի կենտրոնում եղած սարքավորումները, որոնք ամբողջ ծավալով ՄԻԱՎ-ով վարակվածների համար չեն գործում, մեծ արդյունավետությամբ կարող էին գործել կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներում։
«Մեր մասնագիտական ներուժը մենք պատրաստ էինք օգտագործել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն մեր առաջարկը օդում կախված է մնացել։ Ինչպես տեսնում ենք՝ անփույթ վերաբերմունք է այն մասնագիտական ներուժի նկատմամբ, որ մենք ունենք։ Կամավորներ հավաքելով՝ մենք բաց ենք թողնում մասնագետներին, որոնց կարիքը մոտ ապագայում շատ խիստ զգացվելու է»,- եզրափակեց խոսքը Ռուբեն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- Արմեն Մուրադյանն առաջարկել է ուսման վարձից ազատել ու խրախուսել «Նորք»-ում կամավոր աշխատող ութ խիզախ օրդիանատորներին
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ բողոքին միացել են նաև ՄԻԱՎ վարակակիրներ
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. «Նախարարն ԱԺ բարձր ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկատվություն»
- Չի բացառվում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի
- «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատանքից ազատվում են Թորոսյանի նեղ անձնային շահերի պատճառով»
- «Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
- Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է