Քաղտեխնոլոգ. Լրագրող-վարչապետը հասկանում է՝ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու
«Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում վարչապետը անլուրջ էր վերաբերվում խնդրին, բոլորս հիշում ենք նրա արտահայտությունը , թե կորոնավիրուսը ում շունն է: Նրա եւ իր շրջապատի վերաբերմունքի արդյունքը եղավ այն, որ այսօր առավոտյան տվյալներով 329 վարակված կա եւ մեկ մահվան դեպք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու իշխանության վերաբերմունքի խնդրին:
Բադալյանի խոսքով, հիմա, երբ համաճարակը տարածվեց, իշխանությունը փորձում է համարժեք քայլեր ձեռնարկել, թեեւ խնդիրը նրանում է, որ սկիզբը բաց է թողնվել եւ հաջորդական քայլերը բավականին դժավր են լինելու:
«Հասկանալի է, որ կորոնավիրուսի հետ կապված Փաշինյանի վարկանիշն անկում է ունենալու՝ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական շրջանում ոչ համարժեք վերաբերմունքի պատճառով: Դա շատ լավ հասկանում է նաեւ վարչապետը, որը լրագրող է եղել: Հիմա այդ անկումը նա փորձում է մեղմել կամ հնարավորինս չեզոքացնել քաղաքացիների հետ անմիջական զրույցի մտնելով եւ ցույց տալով, որ ինքը ժողովրդի վարչապետն է»,-ասում է քաղտեխնոլոգը՝ նկատի ունենալով Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը, որի ժամանակ երկրի վարչապետը, ինչպես ինքն ասաց, պատահական ընտրությամբ, զանգահարում էր տարբեր քաղաքացիների բնակարաններ եւ հետաքրքրվում, թե ինչպես են, ինչի կարիք ունեն եւ ոնց են անցկացնում արտակարգ դրության պայմաններում մեկուսացումը: Ի դեպ, Փաշինյանը քաղաքացիներին նախապես չէր հայտնում, որ ուղիղ եթերում են:
Արմեն Բադալյանի խոսքով, այսկերպ, վարչապետը փորձում է իրեն նույնականացնել սովորական քաղաքացու հետ, ներկայացնել, թե մտածում է բոլորի հոգսերի մասին: «Դա ընդամենը փիար տեխնոլոգիա է, ոչ ավելին, որը գուցե կարող է աշխատել իր ընտրազանգվածի պարագայում»,-ասում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմությունը գրագետ ներկայացնի հարցերը, կիրառվող տեխնոլոգիան չի աշխատի:
Հարակից հրապարակումներ`
- Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը. վարչապետ
- Էդմոն Մարուքյան. Կառավարությունն ի շահ քաղաքացիների չի ցանկանում գնալ զիջումների
- Կառավարությունը գյուղոլորտի ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու
- Վարչապետի մոտ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը
- Գյուղոլորտում որպես առաջնահերթույուն է նշվել օգտագործվող հողատարածքների ավելացումը