Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
Խորհրդարանն այսօվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգային չորս հարցերից երեքը։ Չորրորդ նախագիծը, որը վերաբերում էր ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երկրորդ ֆինանսավորման համաձայնագրի ընդունումանը, կառավարությունը հետ էր կանչել։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ընդունեց ձայների 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Նախագծով կառավարությունն առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հստակեցրեց՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելը չի ենթադրում հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունների հասանելիություն։
Նա ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում «Իմ քալը» կներկայացնի որոշակի առաջարկություններ, որոնք կվերաբերեն հավաքագրված ինֆորմացիայի հետագա ոչնչացմանը և վերահսկողություն իրականացնելու գործիքակազմին։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնեց, որ վաղ առավոտից օրենքի նախագիծը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանի հետ, և վերջինս շատ լուրջ վերապահումներ ունի. «Պաշտպանը շատ լուրջ անհամաձայնություններ ունի նախագծի հետ, քանի որ նախագիծը մարդու ազատությունների և իրավունքների սահմանափակմանն է վերաբերում»։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկմանն մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մահացածներին չդիահերձել, առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ձայների 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Նախագծին կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։
Ըստ նախագծի, ընկերությունները հնարավորություն կունենան բաժնետերերի խորհրդի առցանց ժողովներ հրավիրել և քվեարկել։
Տեղեկացնենք, որ նախագծերի քննարկումն իրականացվել է հատուկ ընթացակարգով, և նախագծերի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, երկրորդ ընթերցումը լինում է 24 ժամ հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ընկերությունները հնարավորություն կունենան բաժնետերերի խորհրդի առցանց ժողովներ հրավիրել և քվեարկել
- Եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել. Բագրատյան
- Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
- Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
- Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
- Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան