Ընկերությունները հնարավորություն կունենան բաժնետերերի խորհրդի առցանց ժողովներ հրավիրել և քվեարկել
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր 24 ժամյա ռեժիմով ԱԺ քննարկման ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունների առաջարկը եղել է պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Արտակ Մանուկյանի և Վարուժան Կարապետյանի կողմից, որին հավանություն է տվել կառավարությունը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նկատեց, որ դիտարկվող օրենքներում կան դրույթներ, որոնք խոչընդոտում են առցանց կամ հեռակա ձևով բաժնետերերի խորհրդի ժողովներ գումարելու և քվեարկություն իրականացնելու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի պայմաններում և նախագծով հանվում են դրանք:
Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ փոփոխություններով ներմուծվում է նաև միաժամանակյա առցանց քվերակության գաղափարը, էլեկտրոնային քվեաթերթիկները և ծանուցումները:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը բարձրացրեց քվեարկությունների արդյունքների հավաստիության խնդիրը և որպես լուծում առաջարկեց փոփոխություններով ամրագրել առցանց նիստերի իրականացման համակարգը:
Ավագ Ավանեսյանն պատասխանեց, որ նախատեսվում է այնպես կազմակերպել քվեարկությունները, որպեսզի խորհրդի անդամը տեսնի իր կատարած որոշման արդյունքները, իսկ առցանց նիստեր անցկացնելու պահանջն օրենքով չեն ամրագրում, որպեսզի ընկերություններին ընտրության հնարավորություն տրվի՝ կախված իրենց կարողություններից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում նկատեց. «Կարծում եմ, որ այստեղ պետք է խորապես և բազմակողմանիորեն հարցը քննարկել, որովհետև հենց այնպես չէր, որ ժամանակին սահմանված էր՝ առանձին հարցեր չի կարելի հեռակա ձևով քվեարկել: Եթե մենք առցանց կարգով նիստ ենք անցկացնում այդուհանդերձ պահպանվում է էլեկտրոնային քվեարկության ձևը, որը էլեկտրոնային փոստով է ուղարկվում, ինչպե՞ս է իդենտիֆիկացվելու այն, չկա՞ն արդյոք ռիսկեր»:
Պատգամավորը խորհուրդ տվեց 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում նախագիծը քննարկել Կենտրոնական բանկի և ԲԲԸ-ների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան