Մինչև ապրիլի 14-ն ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չեն թողնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարարը։
Նրա խոսքով, շրջաբերականում նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` նախարարն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:
Արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:
Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»։
Նախարարն ասաց, որ բուհերն իրենք են որոշում իրեն ժամանակացույցներն ու վճարման կարգը, շրջաբերականով առաջարկում է ռեկտորներին կարգ սահմանել, որ մինչև ապրիլի 14-ն ուսման վարձը չվճարելու պատճառով նախ ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին։
Ա.Հարությունյանը նաև հորդորեց, կոչ արեց ուսանողներին սա որպես հիմք չընդունել, ովքեր հնարավորություն ունեն այս պահին կատարել վճարումները, կատարեն։
«Եթե բուհերում ֆինանսական հոսքերը կտրուկ դադարեն, բուհերն ունենում են խնդիրներ։ Հնարավորություն դեպքում վճարեք, նախ ձեր վրա հետո չի կուտակվի, երկրորդ՝ դրանով կօգնեք բուհերին որպես համակարգ շարունակել գործել, չփլուզվել, ապահովել իրենց կենսագործությունը, օրինակ՝ վճարեն աշխատավարձերը ձեր դասախոսներին»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստում ուսուցիչներին բաժին հասավ առանձնահատուկ շնորհակալություն
- 21 հազար աշակերտներ ու ուսուցիչներ չունեն համակարգչային սարքեր՝ օնլայն դասերին միանալու համար
- Առաջարկվում է բուհերում իրականացնել ուսուցում՝ օգտվելով առցանց հարթակից