Նախորդ տարվա համեմատությամբ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ
«Նախորդ տարվա համեմատությամբ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ: Այն զգալի կորուստ է զբոսաշրջության ինդուստրիայի համար՝ հաշվի առնելով, որ սա դեռ ակտիվ շրջանը չէր: Երկրորդ եռամսjակի տվյալներն ավելի վատ կլինեն, քանի որ սահմանները փակ են: ֆինանսական մուտքերն էլ չեն լինելու»,- կառավարության մամուլի կենտրոնում այսօր հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջությունն ամենից շատ տուժած ոլորտն է:
«Կարելի է ասել, որ այն ամբողջ աշխարհում և Հայաստանում ձգտում է զրոյի: Դրանով պայմանավորված կրում են վնասներ և անհատները, և զբասաշրջային ընկերությունները»,- հայտարարեց Սաֆարյանը։
Նա ներկայացրեց կառավարության ընդունած աջակցության փաթեթները, որոնցից կարող են օգտվել ոլորտի ընկերությունները:
«Առաջին ծրագրով սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր ընկերությունները կարող են դիմել վարկավորման՝ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և պետության կողմից 50 տոկոս աջակցություն ստանալու համար, որը նրանք կարող են ծախսել հիմնականում իրենց աշխատավարձերի կամ պետական և համայնքային բյուջեների վճարումների, տուրքերի, նաև իրենց կոմունալ ծառայությունների վճարման համար»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Ըստ բանախոսի, 3-րդ ծրագրով նախատեսվում է վարկավորում այն սուբյեկտներին, որոնց տարեկան շրջանառությունը 24-500 մլն դրամ է:
«Վարկի մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում ոչ մի վճար չկա, դրանից հետո 2 տարի վճարում են մայր գումարը և վերջին մեկ տարում 12 տոկոս է մուծվում: Վարկը վաղաժամկետ փակելու դեպքում տոկոսներ չեն վճարվի»,-հայտնեց Սուսաննա Սաֆարյանը։
Նա ներկայացրեց կառավարության այսօրվա ընդունած փաթեթը. «Այսօր նոր առաջարկ է ներկայացվել առավել տուժած ոլորտների համար: Համաձայնեք, որ զբոսաշրջությունը համարվում է ամենախոցելին: Սրանով նախատեսվում են աշխատավարձերի վճարումներ՝ նվազագույն աշխատվարձի չափից մինչև 135 հազար դրամի սահմանաչափով՝ յուրաքանչյուրի համար հաշվարկման տարբեր սահմանաչափ է գործում»:
Այնուամենայնիվ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նկատեց, որ այս աջակցության ծրագրերից դուրս են մնում ոլորտի ընկերություններ, որոնց վերաբերյալ քննարկում են աջակցության միջոցառումներ, որպեսզի հասկանան, թե որ կարիքները կարող են բավարարվել այն սուբյեկտներին, որոնք որևէ կերպ չեն կարողանում օգտվել ներկայացված աջակության փաթեթներից: