Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
«Քննարկում ենք շատ կարևոր օրենք, որով սահմանափակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ըստ նախագծի, տրամադրվելու են ստուգված և թեստավորված անձի, վարակակրի, ախտանիշներ ունեցող անձի, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած անձանց տվյալները։
«Ըստ էության, բոլոր քաղաքացիների տվյալներին է վերաբերում խոսքը։ Թող ոչ ոք չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում, կամ միայն մեկուսացվածի կամ հիվանդի մասին է խոսքը։ Երբ մարդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, կամ նա մեկուսացված է, ես խնդիր չեմ տեսնում իր մասին տվյալների հավաքագրման մեջ։ Ես խնդիր եմ տեսնում, որ մարդը չգիտի՝ կարող է իր բոլոր կոնտակտները, որտեղ լինելն ու ում զանգելը, ստուգվեն։ Էս նախաձեռնությունը, միգուցե, վստահ չեմ, կարող էր արդյունավետ լինել այն ժամանակ, երբ մենք ունեինք հիվանդ համար 1:
Հիմա, երբ դեպքերի թիվը 400-ն անցել է, սա անիմաստ կարգավորում է, արդեն ուշ է։ Համար 1-ի դեպքում կարող էինք մի բան անել, հիմա արդեն ուշ է։ Ուշ բերել էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է։ Եվ մենք չպետք է դարերով պայքարների արդյունքում ձեռք բերված մարդկանց ազատությունները զիջենք նման իրավիճակներին։ Ավելին ասեմ, վստահություն չկա, թե էդ տվյալները ում մոտ են մշակվում, ոնց են մշակվում ու ինչ կարող են անել»
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Հարակից հրապարակումներ`
- Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
- Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
- Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան