Եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել. Բագրատյան
«Պետք է ոչ թե կորոնավիրուսային հիվադության հետևանքով մահացած անձի, այլ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձի դիահերձում չիրականացնել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց չդիահերձել։
Բագրատյանը նշեց, որ օրենքի նախագծում պետք է ճշգրտում մտցվի, քանի որ ձևակերպումն ու նպատակը հակասում են իրար։ Ըստ պատգամավորի, եթե օրենքի նախագծի նպատակը բժշկին կորոնավիրուսով վարակվելուց զերծ պահելն է, քանի որ պարզ չէ՝ որքան է դիակից վարակի փոխանցման հավանականությունը, ապա նախագծից պետք է հանվի հետևանք բառը.
«Մարդը կարող է ինֆարկտից մահանալ, բայց մենք գիտենք, որ կորոնավիրուսով հիվանդ է։ Հետևանքով բառը պետք է հանել, որովհետև եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել»։
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, արձագանքելով պատգամավորի դիտարկմանը, նշեց՝ կորոնավիրուսը հանդիսանում է շրջապատի համար վտանգ հանդսացող հիվանդություններից մեկը, որը կառավարության որոշմամբ է սահմանվել.
«Եվ այս հիվանդության հետևանքով մահվան համար մենք բացառություն ենք սահմանում՝ կառավարության որոշմանը համահունչ կարգավորում ենք տվել, այդ պատճառով էլ օգտագործվել է հետևանք բառը։ Մենք մեկ անգամ էլ կնայենք՝ կարելի՞ է արդյոք այլ ձևակերպում տալ»։
Բագրատյանն էլ նշեց՝ օրինակ, կորոնավիրուսով հիվանդ մարդը մահճակալից ընկնում մահանում է, դա չեղավ, որ մարդը կորոնավիրուսից է մահացել։
«Նշվում է՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդուն չպետք է դիահերձել։ Եթե կորոնավիրուսով հիվանդին չպետք է դիահերձել, ուրեմն ցանկացած մահվան հետևանքով չպետք է դիահերձել։ Եվ մենք կորնավիրուսից մահվան երրորդ դեպքը ունենք, և երեք մարդուն էլ չեն դիահերձել, այդ դեպքում օրենքը խախտվե՞լ է»,- հարցրեց Բագրատյանը։
Առողջապահության փոխնախարարը պատասխանեց՝ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, ձեռնարկվել են բուժաշխատողներին պաշտպանելու բոլոր միջոցառումները։
«Մենք ունենք անսովոր իրավիճակ, և օրենքն էլ չի կարող կարգավորել կյանքի բոլոր իրավիճակները։ Երբեմն հենց իրավիճակն է մեզ մղում օրենսդրական փոփոխությունների գնալու»,- եզրափակեց խոսքը Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան