Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք
Կառավության ընդունած որոշմամբ տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց։
Գործադիրի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց, միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Ըստ որոշման, 100 հազար դրամի չափով աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը միանվագ նպաստի ձևով։
Հանձնարարվեց Զարուհի Բաթոյանին՝ մինչև ապրիլի 1-ը ներկայացնել որոշմամբ սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգ:
«Քանի որ խոսքը հղի կանանց մասին է, որևէ սահմնափակում մենք չենք դրել, նրանք կարող են լինել շահառու այլ ծրագրերի մասով»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրեց դիտարկել նաև միայնակ հղի կանանց աջակցելու հնարավորությունը։
«Ենթադրենք հղի կինն է, ամուսինը վթարի հետևանքով մահացել է։ Պետք է օգնել նրան, ճիշտ կլինի այդպես։ Ընդունենք, եթե լրացման կարիք լինի, խնդիր չի լինի»,-ասաց նա։
Նախարար Բաթոյանն ասաց՝ դիմումների կարիք երևի չի լինի, մի քանի պետական մարմիններում առկա տվյալների միջոցով հնարավոր է նույնականացնել։
Փաշինյանի խոսքով, սա վերաբերում է հաշվառվածներին, ցույց է տալիս տարբեր տեղերում՝ այդ թվում աշխատանքի ու աշխատավարձի ճիշտ չափի հաշվառված լինելու կարևորությունը։