Դավիթ Սամվելյանի նոր վիպակը՝ սիրո և վարակիպ պատմության մասին
Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին՝ գրելու նոր վիպակ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է՝ սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից նշում են, որ վիպակն, ըստ էության, իր մեջ բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Նախ, բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր է, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:
«Նման ստեղծագործություն գրելու գաղափարն ավելի շուտ էր ծնվել, մինչև դեպքերը կհասնեին Հայաստան: Սկզբում պատմվածք գրելու գաղափար ի հայտ եկավ, հետո այն վերածվեց վիպակի: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են, դեպքերը ծավալվում են երեք պետություններում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակում կնկատեք երկու հիմնական գիծ՝ սերը, անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են»,-ասում է Դավիթ Սամվելյանը:
Գրողի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանափակ տպաքանակով լույս տեսած «Զգուշացեք, դռները չեն փակվում» գրքի աշխատանքները տևել են երկու ամիս:
Վիպակում հեղինակը ներկայացրել է տարբեր ազգերի ազգային առանձնահատկությունները, ժամանակակից աշխարհի իրավիճակը, դրական ու բացասական կողմերը: Ընթերցողը կգտնի իտալական, հայկական, չինական միջավայրերի նկարագրություններ:
«Վիպակի ամբողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի՝ վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը»,-ասում է Դավիթ Սամվելյանը:
Դավիթ Սամվելյանը հինգ գրքերի հեղինակ է՝ «հակաՔԱՂԱՔական», «Ռոդենի ձմեռ»,«Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ»: Նրա գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելում: Սամվելյանը պարբերաբար հայտնվում է ժամանակակից հայ ամենավաճառվող գրողների ցանկերում:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սամվելյանի՝ «հակաՔԱՂԱՔական»-ը
- Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները՝ նոր խմբագրությամբ և դիզայնով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա