Գրիգորյան. Բեռների փոխադրման հետ կապված խնդիրները պայմանավորված չեն գործընկերների հետ մեր հարաբերություններով
«Բեռնափոխադրման հետ կապված պրոբլեմներ եղել են ու դեռ կլինեն, բայց չեն կրի համակարգային, սահմանափակային բնույթ, զուտ մեքենաները շարժվելու ֆիզիկական պրոբլեմ է լինելու, որով կզբաղվենք, լուծումներ կտանք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կա՞ն, արդյոք ռուս-վրացական սահմանին կուտակումներ կան։
Նրա խոսքով, բեռների համար սահմանը դե յուրե բաց է, բեռներն ազատ կարող են տեղաշարժվել, բացառություն են կազմում առողջապահական սարքավորումները, որոնց մասով դեռևս կան սահմանափակումներ։ Այս ուղղությամբ, փոխվարչապետի խոսքով, ԵԱՏՄ հարթակում քննարկումներ են ընթանում։
«Այս իրավիճակում պարբերաբար տեղի են ունենում տեղաշարժի հետ կապված ֆիզիկական խնդիրներ, ինչը պայմանավորված չէ գործընկերներ պետությունների հետ մեր հարաբերություններով։ Լարսի ուղին սահմանափակ թողունակություն ունի, իսկ այս ընթացքում լոգիստիկ հոսքերը վերաձևավորվել են, բնականաբար, պարբերաբար առաջանում են խցանումներ և նմանատիպ խնդիրներ։ Այս պարագայում պետք չէ խուճապի մատնվել, դրանք ֆիզիկական խնդիրներ են, ոչ թե իրավական կամ հարաբերություններին վերաբերող»,- ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով բոլոր ճանապարհները բաց են, բեռները շարժվում են, հայ փոխադրողներն իրավունք ունեն մտնել ԵԱՏՄ ցանկացած երկիր ու վերադառնալ և մտնել Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
- Հայտարարություն՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ
- Լարսը բաց է
- Դեսպանություն. Հույս կա, որ Լարսի ճանապարհը մի քանի ժամվա ընթացքում երթևեկելի կլինի
- Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
- Հայաստանում բեռնափոխադրումները կտրուկ նվազել են