Ավինյան. Թեստավորումներն ավելանալու են, սահմանփակումները՝ խստացվելու են, վերահսկողությունը՝ ուժեղացվելու
«Մեր բոլոր գործողությունները, որոնք մնք նախատեսում ենք, ունեն հիմնականում գիտական հենք»,-ընթացող ասուլիսում հայտարարեց արտակարգ դրությունում պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ կլաստերային տարածման հետևանքով կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր կան Երևանում և ութ մարզերում։
«Մի այսպիսի դիտարկում անեմ, եթե կառավարությունը որևէ քայլ, որևէ սահմանափակում չձեռնարկեր, վարակի տարածման ինտենսիվությունը համարենք 2.4 գործակիցը, միջին ինկուբացիոն շրջանը համարենք 5.6 օր, ապա մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված։ Միայն Երևանում մենք կունենայինք 8 200 ծանր հոսիտալացված դեպքեր»,-նման հաշվարկներ ներկայացրեց Ավինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, սա կլիներ, եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, ապա հիշեցրեց, որ հունվարի 30-ից իր գործունեությունն է սկսել կորոնովիրուսի կանխարգելման հանձնաժողովը։
Անդրադառնալով հետագա սահմանփակումների անհրաժեշտությանը, Ավինյանն ասաց, դրանք կարևոր են հիվանդության տարածման ինտենսիվության նվազեցման առումով։
«Նվազեցնել այնքան, որ այդ գործակիցը լինի մեկից քիչ։ Դա կնշանակի, որ մեկ վարակակիրը կվարակի մեկից քիչ անձի։ Այս ուղղությամբ ունենք երկու հիմնական բլոկ։ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնը վարակի հենց առաջին օրից վարակի շղթաները, վարակակրի հետ կոնտակտ ունեցող անձանց շրջանակն է հայտնաբերել, ապա նրանց մեկուսացրել։ Երկրորդ բլոկը վերաբերում է գործունեության տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի սահմանփակումներին։ Այս երկու բլոկի միասնական ներգործությունն այս փուլում, մեր կարծիքով, տալու է դրական արդյունք։ Մասնավորապես, տեխնոլոգիական նոր լուծումները և ԱԺ-ում այսօր քննարկվող օրենքը մեզ թույլ է տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում։ Մեր նպատական է մեկուսացման ու կանխարգելման աշխատանքներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից սկսենք քիչ-քիչ և փուլ-փուլ հրաժարվել»,-մանրամասնեց նա։
Պարետի խոսքով, սահմանփակումները ևս տասն օրով երկարացնելը թույլ է տալու օգնել Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել այդ անձանց։
«Սրան ու տեխնոլոգիական զարգացումներին զուգահետ մեր նպատակն է հնարավորինս ավելացնել թեստավորման քանակը, ապա դրան համահունչ նվազեցնել սահմանփակումները»,-ասաց Ավինյանը, նկատելով, որ անցած շաբաթվա սահմանփակումների ընթացքում մարդկանց տեղաշարժի նվազեցման առումով բացառիկ օր է եղել կիրակին։
Բանախոսն ընդգծեց, բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանփակումներն անընդհատ չեն կարող ձգվել, Հայաստանը գնում է այն երկրների օրինակով, ովքեր կարողացել են էֆեկտիվ կանխարգելել ու մեկուսացնել, ջարդելով վարակի շղթաները։
Նա չբացառեց, որ հետագա տասն օրերի ընթացքում ընտրված մարտավարությունը կարող է փոխվել, իսկ մինչ այդ սահմանփակումները խստացվելու են, վերահսկողությունն էլ ավելի արդյունավետ են դարձնելու։
«Դրա համար ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից հավելյալ ուժեր»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այս փուլում կառավարության համար առաջնային է հանրային առողջության պահպանումը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
- ԱՆ. Մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ
- Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան