Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում
Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ առավել քան համոզված եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին և ընդհանրապես հայ ժողովրդին: News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր անազատության մեջ է, մեղադրյալ աթոռին է, իսկ Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք է առաջադրվել:
«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»,-ասել է Բակո Սահակյանը։
Դիտարկմանը, որ այդ անձանց իշխանության ժամանակ «մարտի 1» է տեղի ունեցել, 10 մարդ է սպանվել, և այդ սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Բակո Սահակյանն արձագանքել է «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունն ու զսպվածությունը եւ մեր խոսքը կառուցելիս, մեկնաբանությունները տալիս իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնցմասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաև դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»:
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը չի դիտվում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն, Արցախի նախագահը պատասխանել է. «Ես դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին,և այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում: Ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշած կարգն ու կանոնները: Ես ճիշտ հակառակն եմ մտածում, և ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով: Չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ բարդություններ ենք ստեղծում: Մենք խոսում ենք այնպիսի դերակատարների մասին, որ ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով»:
Բակո Սահակյանը հավելել է, որ եթե անհրաժեշտությունը լինի նման միջնորդությամբ հանդես կգա նաև Սերժ Սարգսյանի համար: