Սա կյանքեր փրկելու անվան տակ, ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գորգիսյան
«Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, մարդու՝ հեռախոսով շփման շրջանակը որևէ կերպ չի տալու նրա ֆիզիկական շփման շրջանակի մասին ինֆորմացիա։
«Կառավարությունն ասում է՝ ես չունեմ բավարար միջոցներ, որ մեծ տվյալների հետ աշխատանք կազմակերպեմ և մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատեմ մյուս երեք մլն քաղաքացիների գտնվելու վայրի հետ, գտնեմ համընկնումներ։ Ու քանի որ այդ ռեսուրսը չունի, կառավարությունը որոշել է հետևել՝ ով ում զանգեց, որ հետո տեսնի՝ նրանք նույն տեղում եղել են, թե չէ։ Սա շատ վատ ֆիլտր է, հարգելի՛ պարոն նախարար։ Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին։ Ու մենք պնդում ենք, որ այս նախագիծն ուշացած է, քանի որ արդեն 400-ից ավելի դեպք ունենք, և չենք կարողանալու էս մեխանիզմով կազմակերպել վարակակրի հետ շփված բոլոր քաղաքացիների հայտնաբերումը։ Արդեն ուշ է»,- շեշտեց Գորգիսյանը։
Ըստ նրա, ունենալով նման օրենսդրություն, կառավարությունն այսուհետ, հղում անելով ներքին օրենսդրությանը, կարող է դիմել օրինակ «Ֆեյսբուք», «Վայբեր» և նմանատիպ այլ ընկերություններին՝ ստանալու իրեն անհրաժեշտ տվյալները։
«Եվ օրինակ «Ֆեյսբուքը» իր կանոնադրությամբ տրամադրում է այդ տեղեկությունները բոլոր պետություններին, ովքեր ունեն ներքին օրենսդրություն՝ դա ապահովելու։ Այնպես որ, սա կյանքեր փրկելու անվան տակ, ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»,- եզրափակեց խոսքը Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հեռախոսային խոսակցությունների բովանդակությանը ոչ ոք չի ծանոթանալու. Գրիգորյան
- Մի փոքրիկ «սպրավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան