ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա` Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր) հայտարարություն են տարածել Արցախում այսօր ընթացող ընտրությունների վերաբերյալ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «ընդհանուր ընտրությունները», որի առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում՝ ելնելով 2019թ․-ի մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ վերահաստատված սկզբունքներից և տարրերից: Համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում, որ այս «ընտրությունների» արդյունքները կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»,-ասվում է հայտարարության մեջ։