Մարդու անձնական կյանքի տիրույթ ներխուժելու ցցուն նախաձեռնությունն անընդունելի է. Տոնոյան
«Եթե իշխանությունները գնում են սահմանափակումների, ապա պետք է հստակ բացատրի՝ ինչի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում մարդու անձնական կյանքին և հաղրոդակցության գաղտնիությանը միջամտելու օրենքի նախագծին։
Ըստ Աբովյանի, արդարադատության նախարարը նշել է՝ պետությունները գնում են նման քայլի, երբ վիճակը սրվում է. «Եթե վիճակը սրվում է, ապա խնդրում եմ՝ թող հայտարարեն՝ ինչ սրացում է, և ինչու են համառորեն ընդունել այս օրինագիծը։ Այստեղ խնդիրն այն է, որ կա էֆեկտիվության հարց՝ որքանով է նախագիծն էֆեկտիվ։ Մենք խորը ուսումնասիրություններ ենք կատարել, և այն ռեսուրսները, միտքն ու գաղափարը, որ դրված են օրինագծում, չեն համապատասխանում այսօրվա իրական մարտահրավերներին։ Այդ օրինագիծը պետք է ընդունվեր նախքան համաճարակի տարածումը»,- ասաց Աբովյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստն» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ տեղեկացրեց ՝ իրենք դեմ են օրենքի նախագծի ընդունմանը։
Նրա խոսքով, մարդու իրավունքների օրենսդրական սահմանափակման նախագիծը արտակարգ ռեժիմով խորհրդարան բերելու ընթացակարգն անընդունելի է։
«Մենք մեր ողջ ներուժով ուսումնասիրել ենք նախագիծը, և եկել ենք եզրակացության՝ մարդու անձնական կյանքի տիրույթ ներխուժելու ցցուն նախաձեռնությունն անընդունելի է։ Մենք այժմ ունենք շուրջ 500 վարակակիր, և այս նախաձեռնությունն արդեն ուշացած է։ Եվ բնականավար ԲՀԿ-ի դիրքորոշումն այս նախաձեռնության դեպքում բացասական է»,- շեշտեց Տոնոյանը։
Դիտարկմանը, որ արտակարգ դրությամբ պայմանավորված ԲՀԿ-ն առաջարկել է առնվազն երեք ամսով իրականացնել բանկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ, դա չի՞ հանգեցնի պետությունում ֆինանսական անկայունության ռիսկի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ ստեղածված իրավիճակով պայմանավորված է կուսակցությունը նման առաջարկությամբ հանդես եկել։
«Հիմա տնտեսական և սոցիալական ճգնաժամ է առաջանում, և մարդը չի կարող ընթացիկ աշխատավարձ ստանալ, ու չեն կարող վարկերը փակել։ Ի՞նչ անեն մարդիկ, անելանելի վիճակ է, և մենք չենք ասում՝ բանկերի հաշվին պետք է արվի այդ համաներումը, այլ՝ պետության հաշվին։ Պետական բյուջեն, այո, այսօր պետք է սուբսիդավորի, և բանկերն էլ պետք է վերաիմաստավորեն իրենց շահույթների չափը»,- տեղեկացրեց Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասում եք թուլացեք ու հաճույք ստացեք, չէ չենք թուլանալու, հարյուր տոկոս. Աբովյան
- Սա կյանքեր փրկելու անվան տակ, ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գորգիսյան
- Արդարադատության նախարարի համար հաճելի չի եղել սոցիալական ցանցերի քննարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան