Իտալիայում գրանցվել է ռեկորդային ցածր վարակների քանակ. Euronews
Երեք շաբաթ առաջ Իտալիայում ներդրված խիստ կարանտինը երկարաձգվեց մինչև Սուրբ Զատիկ, այսինքն, մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, նախօրեին հայտնել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան:
Բերգամոյում իշխանությունները բնակիչներին հորդորում են որևէ պատրվակով տանից դուրս չգալ: Տասնյակ կամավորներ (որոնցից ոմանք վերջերս կորցրել են սիրելիներին) սնունդ ու դեղամիջոց են բաժանում նրանց, որոնք կարիքը ունեն:
Եվ չնայած Covid-19-ից մեկ օրվա ընթացքում Իտալիայում մահացավ 812 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասավ 11,5 հազարի, վարակակիրների թվի աճը գրեթե երկու անգամ նվազել է՝ համեմատած երկու շաբաթ առաջվա տվյալների հետ:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելիի կողմից ներկայացվեց ևս մեկ լավ նորություն. «Երեկվա համեմատ, ապաքինված մարդկանց թիվը 1,590 է: Սա ամենամեծ ցուցանիշն է մեր երկրում համաճարակի սկզբից ի վեր»:
Վատիկանը նշել է, որ Սուրբ շաբաթվա ծառայությունները կանցկացվեն Սուրբ Պետրոսի բազիլիկայում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և մի քանի օգնականների կողմից:
Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար դուրս բերված բանակը ոչ միայն ախտահանում է փողոցները Հռոմում և այլ քաղաքներում, այլև զբաղվում է ամբողջ երկրում պաշտպանական դիմակների տեղափոխմամբ և բաշխմամբ: