Փաշինյանը հանձնարարել է սահմանափակումների վերաբերյալ որոշման նախագիծ պատրաստել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Կառավարությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին:
Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:
Այնուհետև քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:
Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: