Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»
Ազգայիին ժողովն երկրորդ արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը: Նշենք, որ նիստին ներկա էին միայն իշխանական պատգամավորները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչով դիմեց քաղաքացիներին .«Այսօրվա Հայաստանը , ինչպես և աշխարհը, նույնը չէ , ինչ-որ ամիս ու կես առաջ:Կառավարության նպատակներն էլ, գործելաոճն էլ նույնը չէ, ինչ-որ ամիս ու կես առաջ: Դա ակնհայտ է , Կառավարությունն այս օրինագիծը կյանքի է կոչում իր քաղաքական հեղանակության և վարկանիշի հաշվին: Մենք կորցնելու ենք մեր հեղինակությւոնը ,բայց փրկելու ենք մարդկային կյանքեր»;
Ռուստամ Բադասյանը, նորից ներկայացնելով նախագիծը ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրինագիծը գաղտնալսմանը չի վերաբերում, հետևաբար նաև հեռախոսազանգերի և հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու: Ըստ նրա՝ այս նախագիծը հանրային առողջության շահերից է բխում և լուծում է վարակակրի տեղորոշման խնդիրը:
Նույն պնդումը կրկնեցին նաև «իմքայլական» մյուս պատգամավորները:
Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը փորձեց համոզել, իբր՝ նախագծով միջամտություն է լինում մարդու անձնական կյանքին, և դրա կարևորությունը ոչ ոք չի վիճարկում։
«Այն իրավաչափ է, և ստեղծված իրավիճակում ընդունելի է։ Ասում են այն անձը, ով փրկել է գեթ մեկ մարդու կյանք, փրկել է ամբողջ աշխարհը։ Հարգելի կառավարություն, դուք մեզնից ուզեցիք գործիքակազմ, որն անհրաժեշտ է այս վիրուսի դեմ պայքարելու համար, մենք տալիս ենք այդ գործիքակազմը, մենք համարում ենք, որ այն այս պահին պետք է, պետք է այսօր։
Բայց միաժամանակ հորդորում ենք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ գործիքակազմը, օգտագործել այնպես, որ իրոք մեկ-երկու ամիս անց բոլորը անդրադառնան այս միջոցառմանն ու ասեն՝ Հայաստանն իրոք առաջամարտիկ է այս հարցում, և կարողացավ փրկել շատ մարդկանց կյանք»,- պաթոսով խոսեց Վարդանյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հարկ համարեց շեշտել, որ զանգերի բովանդակությունը նախագծով հասանելի չի դառնալու, ոչ ոք չի լսելու քաղաքացիների հեռախոսազանգերը։ «Նախագիծն ուղղված է բոլոր քաղաքացիների առողջությանն ու բարեկեցությանը»։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պարտքը համարեց նշել՝ «այս դժվարին պահին իշխանությանը մենակ չի թողնելու, թքած ունին այն քաղաքական դիվիդենտի և շահի վրա», և որ՝ կողմ եմ քվեարկելու»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ նախագծի համար ծախսվելու է 0 դրամ։
Փաստորեն՝ արդեն ամեն ինչ պատրաստ էր....
:Տեղեկացնենք, որ այսօր 17.22-ին մեկնարկեց նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։ Նախագծին կողմ քվեարկեին 69 իմքայլական պատգամավորներ, ձեռնպահ էր մեկ պատգամավոր՝ իշխանական խմբակցությունից Աննա Կարապետյանը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում։
Հիշեցնենք, որ օրվա մեկնարկին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունել վերոնշյալ նախագիծը, քանի որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը և չմասնակցեցին դրան, արդյունքում քվորում չեղավ և 65 կողմ ձայնով նախագիծը չընդունվեց։