Արդարադատության նախարարի համար հաճելի չի եղել սոցիալական ցանցերի քննարկումները
ԱԺ-ն այսօր շարունակեց հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով կառավարության ներկայացրած 3 օրենսդրական փաթեթի քննարկումները, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին նախորդ նիստում:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ նախորդ օրը հետևել է օրինագծի շուրջ համացանցի քննարկումներին և ոչ բոլոր քննադատություններն են եղել հաճելի:
Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
«Ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերում իրենց իրավունքներին ու ազատություններին և ուրախալի է այն փաստը, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություն չեն ներկայացվում, թե ինչու են անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության հիմքով այդ ազատությունների սահմանափակումը: Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի համոզենք ,թե ինչու է անհրաժեշտ համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում այնուամենայնիվ գնալ հիմնական իրավունքների սահմանափակումների»,- հայտարարեց նախարարը և նկատելով, որ նախորդ օրը ԱԺ-ում հնչել են նախագծի հետ կապ չունեցող հարցեր, ներկայացրեց որոշ պարզաբանումներ.
« Տվյալները հավաքվում են միայն արտակարգ դրության ժամանակահատվածի համար, հավաքվում է միայն օպերատորների մոտ եղած տվյալներ, այլ տվյալներ չեն հավաքվելու: Բոլոր մեկտեղված տվյալներն ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո: Այդ ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ամրագրվում է զանգի կատարման և տեղակայման փաստը»:
Արդարադատության նախարարը կրկին փորձեց բացատրել, թե ինչու է անհրաժեշտ զանգի փաստի արձանագրումը: Ըստ Բադասյանի, զանգերով կպարզեն, թե հիվանդի մոտ եղած զանգերի հասցեատերերը կոնտակտի մեջ եղել են նրա հետ, թե ոչ: Իսկ այս մեթոդի արդյունավետությունը ցույց է տվել Հարավային Կորեայի փորձը:
«Որևէ անձի մասին, որը ռիսկի գոտում չէ, չի կարող իրականացվել տվյալների հավաքագրում, այն քրեորեն պատժելի կլինի»,- շեշտեց նախարարը և հավելեց, որ եթե համոզված չլիներ, որ սրանով կյանքեր են փրկվելու՝ նախագիծը չէր բերի ԱԺ:
Բադասյանը ներկայացրեց նախորդ օրը պետաիրավական հանձնաժողովի քննարկումների արդյունքում օրենքի նախագծի լրամշակումները. «Բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել են առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու ու ստանալու կարգը: Բացառվել է ապաանձնավորված տվյալների պահպանության հնարավորությունը և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո: Առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմինները նունպես պետք է պահպանեն տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հետո»:
Արդարադատության նախարարն ընթերցեց Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության կոնվենցիայի նախագահ Աելքսանդրա Պիեռուճիի և Եվրոպայի խորհրդի անձնական տվյալների պաշտպանության հարցերով հանձնակատար Ժան Ֆիլիպ Վոլտերի՝ նախօրեին արած համատեղ հայտարարության հիմնական դրույթները:
Մասնավորապես արձանագրեց, որ կոնվենցիան նախատեսել է իրավունքների սահմանափակման որոշ բացառություններ՝ ելնելով հանրության կենսական շահերից, բայց դրանք պետք է լինեն ժամանակավոր:
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում անթուլատրելի համարեց մարդու իրավունքների սահմանափակման նման աստիճանը: « Մեր առաջարկով նախագծից հանվել է զանգի սկզբի և ավարտի տևողությունը, որի միջոցով կարող է բացահայտվել մտերմության աստիճանը: Առաջարկվել է հանել միջնորդավորված զանգերից տեղեկություններ ստանալու դրույթը, որը չի ընդունվել: Առաջարկ է եղել նաև տվյալների ոչնչացման ժամկետը վերանայել՝ 1 մասից հասցնելով 3 օր, որը նույնպես չի ընդունվել»,- հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական որ պատգամավորները չեն քվեարկել Կառավարության կողմից ներկայացված նախագծերին
- Բադասյան. Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան