Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին բժշկական սարքավորումներով մեկ ինքնաթիռ է ուղարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը բժշկական սարքավորումներով ինքնաթիռ է ուղարկել Միացյալ Նահանգներ՝ COVID-19 համաճարակի հետ կապված: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք շատ երկրների հետ: Չինաստանը մեզ է ուղարկել որոշ բաներ, Ռուսաստանն ուղարկել է բժշկական սարքավորումներով ինքնաթիռ: Դա շատ հաճելի է», - ասել է Թրամփը՝ Սպիտակ տան ճեպազրույցում:
Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը այլ մանրամասներ չի հաղորդել Ռուսաստանի Դաշնության կողմից օգնության վերաբերյալ:
«Այլ երկրներ էլ մեզ ինչ-որ բան ուղարկեցին: Ես շատ զարմացա, հաճելիորեն զարմացա»,- ավելացրել է Թրամփը:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների, Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 160 հազար դեպք: Ավելի քան 2,9 հազար մարդ մահացել է: