Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար
ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին։
«Սիրելի՛ Լևոն,
Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:
Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:
Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը զույգի կնքահայրն է։