«Ավտոմատացված համակարգը չի գեներացնի այն տվյալները, որտեղ տեղակայման վայրը և զանգը չեն համապատասխանում իրար». Բադասյան
«Նախագիծը քաղաքացիներին գաղտնալսելու կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի կողմից ընդունված հեռախոսազանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու օրենքին։
Նա նշեց, որ նախագիծը տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսելու կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալու։
«Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր, ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքների միջամտություն, բացառապես արտակարգ դրության ժամանակ են կիրառվելու։ Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո որևէ նման սահմանափակում հնարավոր չէ գործարկել։ Ավելին, սա վերաբերում է միայն համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Եվ բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո»,- ներկայացրեց Բադասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ իրավաբանների կարծիքով, նման սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել, եթե համաչափ նպատակ է հետապնդում, և քանի որ խոսքը մասսայական անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հասանելիության մասին էր, հարց էր առաջանում՝ արդյո՞ք դա վերջին միջոցն է, որով պետք է պայքար մղվի համաճարակի տարածման դեմ։
«Առողջապահության նախարարը ընդամենը երեկ վիճակագրական տվյալներ հրապարակեց, թե գործող սահմանափակումների պահպանմամբ համաճարակի ինչ զարգացումներ կունենանք, և նշեց, որ յոթ օրը մեկ պետք է կրկնապատկվի վարակակիրների քանակը։ Եթե միայն այդ տվյալը վերցնենք, և տեսնենք՝ մենք ինչ ենք արել, ապա զանգի փաստը և նույն տեղանքում գտնվելու հանգամանքը ավտոմատ համակարգով համադրվում է, և երևում է վարակակրի տեղակայման վայրը և նրա կատարած զանգը։ Եվ եթե զանգի հասցեատիրոջ հետ զանգողը մի տեղակայման վայրում պարբերաբար հայտնվել է, դա ռիսկի գործոն է, և համակարգում ավտոմատ հավաքագրվում է այդ ինֆորմացիան։
Եվ եթե հայտնաբերվի վարակակիր, ապա այս տվյալների հիման վրա անմիջապես տեղեկությունները կբերվեն և նրա հետ հեռախոսազանգ ունեցած և նույն տեղանքում եղած անձանց միանգամից կզանգենք, կտեղեկանանք՝ արդյոք այդ մարդիկ ֆիզիկական շփում ունեցել են վարակակրի հետ, և եթե նրանք ասեն այո, ապա միանգամից ինքնամեկուսացման կուղարկվեն։ Այս տարբերակով վարակի տարածման շղթան հնարավոր կլինի կոտրել»,- մեկնաբանեց Բադասյանը։
Նրա խոսքով, այն դինամիկան, որը բերելու է յոթ օրը մեկ վարակակիրների քանակի կրկնապատկվելուն, այս միջոցով հնարավոր կլինի կանխարգելել.
«Դրա մասին էինք խոսում, երբ ասում էինք՝ սա վերջին միջոցն է։ Հնարավոր կլինի կոտրել շղթան և մեկ վարակակիրը մեկից ավելի քիչ մարդու կվարակի։ Երբ մենք հասնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ ունենում ենք վերահսկելի իրավիճակ, և չենք հասնում այնպիսի պիկի, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կուտակվում։ Հետևաբար նախագիծն ամբողջապես համաչափ ենք, միջամտություններն էլ տարրական են, համաչափ նպատակ են հետապնդում և արդարացված են»։
Բադասյանը տեղեկացրեց նաև, որ համակարգը ավտոմատ է, և աշխատում է որոշակի բանաձևերի հիման վրա։ Երբ վարակակրի մասին տվյալները արդեն պարզ լինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։
«Համակարգի վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, որոնք մշակել են որոշակի բանաձևեր։ Դա 100% ճշտությամբ չի լինելու, բայց մարդիկ ինչքան շուտ իմանան վարակված լիենլու հավանականության մասին, այդքան հեշտ կլինի շղթան կոտրել։ Եթե լինի մեկ զանգի և մեկ տեղակայման վայրի համընկնում, ապա ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվեն զանգեր։ Բնականաբար, ավտոմատացված համակարգը չի գեներացնի այն տվյալները, որտեղ տեղակայման վայրը և զանգը չեն համապատասխանում իրար։ Արդեն դա ռիսկի գործոն չի լինի։ Եթե քաղաքացին վարակակիր է, և Երևանից Գյումրի է զանգել՝ թեկուզ 10-20 անգամ նույն կոնտակտին, ապա դա ռիսկի գործոն չէ։ Բայց եթե վարակված քաղաքացին գոնե մեկ անգամ զանգել է մարդու, ում հետ նույն տեղում գոնե մեկ անգամ եղել է, ապա ԱԻՆ-ից կզանգեն այդ քաղաքացուն և կզգուշացնեն։ Բայց դա չի նշանակում, որ միանգամից կմեկուսացնեն, ԱԻՆ-ի կողմից կիրականացվի զանգ, կճշտվեն լրացուցիչ հանգամանքներ, նոր կորոշվի»,- ներկայացրեց Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան