Օրենսդրական խաղեր
Մարտի 31-ին պարետի կողմից ՀՀ ողջ տարածքում մինչև ապրիլի 12-ը խստացված կարգով երկարաձգվեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները և անձանց պարտադիր ինքնամեկուսացումը։
Ըստ էության, հասարակության մեծ մասի համար սպասելի որոշում էր, քանի որ գրեթե բոլորն էլ մտածում են՝ «երանի թե ինքնամեկուսացումով պրծնենք»։ Չհաշված անբարեկիրթ մարդկանց շերտի քաջ երևալու և «կորոնավիրուսն ո՞վ ա, որ ես վախենամ» ցուցադրական դրսևորումները, ժողովուրդն ընդհանուր առմամբ, «ըմբռնումով» է ենթարկվում արտակարգ դրության պահանջներին։
Անշուշտ, ըմբռնման կոչերի կարիք առաձնապես չէր լինի, եթե հանրությունն ամբողջապես վստահեր կառավարությանը, եթե աչքով տեսած չլիներ պաշտոնյաների նախնական հեգնանքը, պանդեմիա հայտարարելու պայմաններում հանրաքվեի քարոզարշավը, և ընդհանրապես՝ պատասխանատու մարդկանց ու կառույցների թեթևամտության պատճառով ուշացրած միջոցառումների ծանր հետևանքները։ Հավատն ու վստահությունն այս իրավիճակում շատ խախուտ են։
Իհարկե, իդեալական կլիներ ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն և քաղաքականապես հասուն հանրություն, ինչի առկայության դեպքում միասնական կազմակերպվածությամբ անհամեմատ հեշտ կհաղթահարենք համավարակը։ Բայց ունենք այն, ինչ ունենք․․․ իսկ ունեցածներս բնավ էլ մխիթարական չեն։
Մարտի 31-ին ԱԺ-ում մի քանի «կրկին փորձիր»-ից հետո ամբողջությամբ ընդունվեց բջջային հեռախոսներով մարդկանց տեղորոշելու օրինագիծը, որն էլ գիշերով ստորագրեց ՀՀ նախագահը։ Օրենքը մի կողմ, ապշեցրեց ցանկացած ձևով դրա ընդունման մարմաջը․․․ օրենսդիր մարմինն օրենքները տրորելով, առանց ընդդիմադիր խմբակցություններին պատշաճ ծանուցելու՝ արտահերթ նիստ գումարեց, և 2-3 ժամվա ընդմիջումով առաջին և երկրորդ ընթերցմամբ 70 իմքայլականներ ընդունեցին օրենքը։ Կոլեկտիվ պատասխանատվության «բոլշևիկյան ակտի» տպավորություն թողեց կատարվածը։
Հիշո՞ւմ եք, ՍԴ-ի հարցով հանրաքվեն ինչպես փաթաթվեց ժողովրդի վզին․․․ երբ սկզբում օրինագիծը ստորագրած 30 թե 40 իմքայլականները հասկացան, որ ոչ բոլորն են ստորագրել՝ հրաժարվեցին կրակն իրենց վրա վերցնել։ Եվ փետրվարի 6-ին, խախտելով բոլոր օրենքները՝ հապճեպ քվեարկությամբ 88 իշխանական ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը։ Փետրվարի 9-ին էլ ՀՀ նախագահը անմռունչ ստորագրեց այն:
Փաստորեն, օրենսդրի մոտ վատ սովորություն դարձավ օրինախախտումներով օրենքներ ընդունելը։
Դա էլ դեռ մի կողմ։ 70 հոգի նույն դահլիճում, հիմնականում առանց դիմակի ու ձեռնոցների, մոտենում են են նույն ամբիոնին և օգտվում են նույն բարձրախոսից։ Ինչո՞ւ են այդքան վստահ , որ ապահովագրված են կորոնավիրուսից։ Պայմանավորվե՞լ եք հետը։ Պարզ է, որ ոչ։ Մեզ չեք սիրում, հասկացանք, բա ձեր մասին չե՞ք մտածում։ Վաղը մյուս օրը կորոնավիրուսն էլ կվերանա, պատգամավորական ժամանակավոր իշխանությունն էլ․․․ բայց հո չեք կարողանալու ձեր կենսագրությունից ջնջել ձեր մասնակցությունն այս խայտառակ օրենքների ընդունմանը։ Իսկ ամենաանհեթեթ արդարացումը կլինի մեկ անձի հրամանը կատարելու ստրկամտությունը։ Ոչինչ հավետ չէ։
Հավետ է աշխարհի այն դրվածքը, որ ծնողը պիտի կերակրի իր մանկահասակ երեխային։ Եթե պետք է միասնաբար դուրս գանք այս վիճակից, ուրեմն իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում նաև պետք է ամեն ինչ ձեռնարկեն, որ Հայաստանում այս ժամանակահատվածում սոված երեխա չլինի։ Օրենքներն ու կարանտինները կորցնում են իրենց զսպող մեխանիզմները, երբ աչքիդ առաջ երեխադ հաց է ուզում։ Այդ առումով, օգնեք գոնե այն մարդկանց, ում շնորհիվ իշխանության եք հասել։
Լիա Իվանյան