Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես՝ արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող»: Այսպես ասել է տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը։ Նա իր կերտած յուրաքանչյուր դեր այնքան մաքուր, պարզ ու ազնիվ էր ներկայացնում, որ նրան երբեք հնարավոր չէ մոռանալ։
Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1930թ. Երևանում. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից։
Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր: 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Այն մեծ ընդունելություն է ունեցել, գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան-Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն է:
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։
«Միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն»:
Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին (Գեւորգ՝ «Սարոյան եղբայրներ», 1970թ. Մինսկի, Մյասնիկյան՝ «Երկունք», 1977թ. Ռիգայի 10-րդ և Սիսակյան՝ «Ապրեցեք երկար», 1980թ. Դուշանբեի 13-րդ կինոփառատոներ):
Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան