Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
Չնայած աշխարհում մոլեգնում է նոր կորոնավիրուսի համաճարակը, Արցախում կատարվել է պետականաշինության հերթական կարևոր քայլը, որի արդյունքներն արդեն հաղորդել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Արայիկ Հարությունյանը։
«Ունեցել ենք շատ ակտիվ քաղաքական ժամանակահատված, որի ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, մանավանդ վերջին օրը՝ անհիմն մեղադրանքներ: Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով, և այն կասկածի տակ դնելը, պարզապես արդար չէ: Փորձել են ողջ քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից առաջ, թիրախավորել թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությանը, թե՛ այդ քաղաքական ուժի կողմից առաջադրված ԱՀ Նախագահի թեկնածուին՝ այսինքն ինձ, և հետո՝ նաև մեր դաշինքին: Արդյունքներն այսօր պարզ են, որի վրա որևէ միջամտություն չի եղել»,-ասաց նա։
Նա նշեց՝ Արցախում ինքը հակառակորդ, թշնամի չունի, բոլոր թեկնածուների հետ ընկերներ են, նրանցից երկուսն իր սանիկներն են։
«Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց, այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի դեպքում, այն էլ ինչպիսի թեկնածուներ՝ ճանապարհ անցած, լուրջ։ Վերջին հանդիպման ժամանակ ես իմ թիմին ասել էի՝ ժողովուրդ, լսեք, մենք վերջում 1-1.5 տոկոսի համար ենք պայքարելու, այդպես էլ եղավ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իր հարցումներն էլ դա էին ցույց տվել, միայն Ստեփանակերտում 1500 ձայն քիչ են ստացել իրենց սպասածից։
Թե որոնք են լինելու հետագա քայլերը, ըստ Հարությունյանի, իրավիճակն է իրենց հուշելու։
Հարությունյանն ասաց, հաղթանակի դեպքում պատրաստ է համագործակցել բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ, քանի որ համախմբվածություն է պետք։
«Պաշտոն չենք բաժանելու, ովքեր պատրաստ են համախմբվածության, համագործակցելու ենք»,-ասաց նա՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ, որի ներկայացուցիչները նշել էին, թե բացառում են իր հետ համագործակցությունը։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոնի առաջարկ եղե՞լ է գործող նախագահին, նա արձագանքեց.
«Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում և օգնելու է իշխանություններին։ Բայց օգնելը պարտադիր պաշտոն պիտի լինի։ Պաշտոնաթող նախագահից բարձր ստատուս չկա, ավելին է, քան գործող նախագահը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե երկրորդ փուլի մասին տեղեկանալուց հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ հետ է խոսել, թեկնածուն ասաց՝ ոչ մեկի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
- Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում