«Հրապարակ». Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Քաղաքապետի ու Արման Իսկանդարյանի ջրերը մի առվով չեն հոսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերևից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:
Իսկանդարյանն իմքայլական ակտիվիստներից է, տևական ժամանակ ավագանու անդամ էր, հետո նշանակեցին թաղման բյուրոյի տնօրեն, սակայն վերջերս քաղաքապետի և նրա ջրերը սկսել էին նույն առվով չհոսել, ավելին, ըստ մեր տեղեկությունների, պահանջել էին, որ հրաժարական գրի:
Ժուչո՞կ եք գտել Ձեր սենյակում՝ հարցրինք Իսկանդարյանին։ «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»: Մեր ձեռքի տակ ձեր «ժուչոկների» նկարն է: «Որտեղի՞ց ձեզ»։ Լրագրողներին նման հարցեր չեն տալիս։ «Ես էդ հարցին կպատասխանեմ բացասական»: Բա որ վաղը պարզվեց՝ լրագրողը ճի՞շտ էր։ «Դե որ պարզվեց՝ պարզվեց»: Իսկ ինչո՞ւ են Ձեր և Մարությանի հարաբերությունները լարվել, ասում են՝ իրենց մարդուն են ցանկանում նշանակել, Ձեզ չեն վստահում, մանավանդ՝ կորոնավիրոսի սպասվող զարգացումների ֆոնին։ «Իմ ու Մարությանի միջև որևէ լարվածություն չկա»: Դուք պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ ոլորտին առնչվող նոր նախագիծ եք պատրաստում, հնարավո՞ր է դա է պատճառը։ «Չի կարող, նախագիծը համաձայնեցնում ենք բոլորի հետ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: