Լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը
«ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ լուծվում է նաև զինված ուժերի երկարաժամկետ պահուստների ձևավորման խնդիրը:
Նախարարը հայտարարեց, որ վերոնշյալ որոշմամբ ներդրված փորձնական ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարության հետ համագործակցող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերով նախատեսվել է, որ զինծառայողների սննդի կազմակերպումը բաղկացած է վճարման ենթակա երեք բաղադրիչներից.
• սննդի պատրաստման և մատուցման ծառայություն, որի դիմաց վճարումները իրականացվում են 1 մարդ/օրը 3000 դրամ արժեքով,
• արդիական խոհանոցային սարքավորումների և տրանսպորտային միջոցների ձեռքբերում, որի արժեքը պետք է փոխհատուցվեր 1 մարդ/օրը 200 դրամ արժեքով, մինչև փաստացի կատարված ծախսերի փոխհատուցումը,
• Ծառայությունների մատուցման օբյեկտների կապիտալ շինարարություն և վերանորոգում, որի արժեքը պետք է փոխհատուցվեր 1 մարդ/օրը 600 դրամ արժեքով, մինչև փաստացի կատարված ծախսերի փոխհատուցումը:
Պայմանագրերի շրջանակներում կազմակերպություններին մինչ այժմ վճարվել են միայն սննդի պատրաստման և մատուցման ծառայության դիմաց, իսկ կապիտալ շինարարության, ինչպես նաև արդի տեխնիկական ու տրանսպորտային սարքավորումների ձեռքբերումների գծով կազմակերպությունների կողմից իրականացված ավելի քան 2 մլրդ. դրամի ծախսերի դիմաց վճարումներ չեն իրականացվել:
Գործընթացում ներգրավված 6 կազմակերպություններից 5-ը բարձրաձայնել են, որ իրենց մոտ առկա են ֆինանսական դժվարություններ:
Բացի այդ, կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ և դրա հետագա տարածումը կանխարգելելու հրամայականով պայմանավորված սահմանափակվել է բազմաթիվ տնտեսվարողների՝ այդ թվում նաև վերջիններիս գործունեությունը, ինչը հանգեցրել է բացասական հետևանքների ու ֆինանսական դժվարությունների:
Ստեղծված իրավիճակում կազմակերպությունների իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու համար նախագծով առաջարկվեց պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով հատկացնել կանխավճար:
«Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով Կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով»,- զեկուցեց Դավիթ Տոնոյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարության նորամուծությունների մեկը, զինվորներին սննդի մատուցման նոր համակարգի ներդնումն է եղել: «Այն զորամասերում, որտեղ այս համակարգը ներդրվել է՝ սննդի որակների էական անգամներով փոփոխություն ունենք»,- հայտարարեց վարչապետը և նկատեց, որ նախագիծն այդ ծրագրի շարունակությունն է ապահովելու:
Կառավարությունը հաստատեց նաև վերոհիշյալ և հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:
Նախագիծը ներկայացնող Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերությունը նախատեսում է 40 մլն դրամի ներդրումներ կատարել սարքավորումների և արտադրական տարածքի բարեկարգման նպատակով, իսկ դիմել է 592 մլն դրամի հումք ներմուծելու դիմաց մաքսատուքից ազատվելու արտոնություն ստանալու համար:
Մաքսատուրքի գումարը 47 մլն է, որից բյուջեի եկամուտների նվազումը 573 հազար դրամ կկազմի: Ընկերությունը ունի 16 աշխատող և նախատեսում է ստեղծել ևս 5 աշխատատեղ՝ 150 հազար դրամ աշխատավարձով: Ներմուծվող հումքով կարտադրվի 730 մլն դրամի արադրանք՝ ներքնակներ, որոնք ամբողջությամբ կիրացվեն ՀՀ-ում: