«Փաստ». Չնայած Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ներքին ֆինանսատնտեսական բալանսն էլ է խախտված
«Փաստ» թերթը գրում է. «Համաճարակի բռնկումը բացասական է ազդել համաշխարհային տնտեսության բոլոր ճյուղերի վրա, որի արդյունքում ականատես ենք լինում նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Իսկ թե որքան ժամանակ կարող է տևել այսպիսի իրավիճակը, դեռևս դժվար է կանխատեսել։
Եվ քանի որ երկրների տնտեսությունները փոխկապակցված են, ապա տնտեսապես հզոր որևէ երկրում (օրինակ՝ Չինաստան) ցնցումներն ազդում են գրեթե բոլոր երկրների տնտեսական արդյունքների վրա։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ երկրների կառավարությունները կարողանան ճիշտ և ժամանակին գնահատել իրադարձությունները, համապատասխան գործողությունների ծրագրեր մշակել և համագործակցել միմյանց հետ։
Եվ տնտեսական առումով այս ճգնաժամային իրավիճակը լուրջ ռիսկային տարրեր է պարունակում նաև Հայաստանի համար։ Բացի այն, որ Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ներքին ֆինանսատնտեսական բալանսը նույնպես խախտված է։
Զարմանալի չէ, որ անցած մեկ-երկու շաբաթում առևտրաշրջանառության մեծ աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները նպատակ ունեն այս օրերի համար ինչքան հնարավոր է սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների մեծ պաշար հավաքել։ Մարդկանց մոտ նաև մտավախություն կար, թե կարող է առաջիկայում անհրաժեշտ ապրանքների պակաս առաջ գալ։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր խանութներում հերթեր էին գոյանում։ Եվ ընդհանրապես, սննդի առևտրի ոլորտը ծաղկում է:
Մինչ առևտրի ոլորտում աճ է արձանագրվում, տնտեսության որոշ ոլորտներում իրավիճակը շատ ծանր է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հյուրանոցային բիզնեսին, ռեստորաններին, զվարճանքի կենտրոններին, ավիաբիզնեսին, սպասարկման և տնտեսական գործունեության այլ ուղղություններին։
Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տնտեսության մի ոլորտում գերաճ է նկատվում, իսկ այլ ոլորներում՝ անկումային իրավիճակ։ Այսինքն՝ տնտեսական բալանսը լիովին խախտվել է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Սակայն այն հնարավոր չէ իրականացնել առանց պետության աջակցության։
Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաև նրանց փորձը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին