Փաշինյան. Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ անելիքների քննարկումն է:
«Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու, և մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:
ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների քննարկման համատեքստում անդրադարձ է եղել ներդրումային ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկվել են կառուցապատման, զբոսաշրջության ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման, հուշարձանների պահպանության և մի շարք այլ ոլորտներում առկա ծրագրերը: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ: Արծարծվել են ներդրումային նախագծերի չափանիշներին, դրանց հաստատման արդյունավետ մեխանիզմներին, մրցութային գործընթացին առնչվող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային քաղաքականության խթանմանը միտված ընթացակարգերի արագ, հստակ, որակյալ կազմակերպումն է և պետություն-ներդրող գործուն կապի ապահովումը, պոտենցիալ ներդրողներին աջակցությունը: Դրա համար պետք է ֆիլտրել ներդրումային առաջարկները, արձանագրել իրատեսականները և հնարավորինս արագ արձագանքել:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել մտքերի փոխանակության շրջանակում հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին